Գեղձանմաններ
From Wikipedia, the free encyclopedia
Գեղձանմաններ, ադենոիդներ (հուն․՝ άδήν` գեղձ և ειδός` տեսք), քթաըմպանային խոռոչում և բկանցքում գտնվող ավշային գոյացությունների գերաճումներ։ Հիմնականում նկատվում է 3-10 տարեկան, երբեմն՝ 10-ից մեծ կամ կրծքի երեխաների օրգանիզմում։ Հիվանդության առաջացմանը նպաստում են որոշ վարակիչ հիվանդություններ (կարմրուկ, քութեշ, դիֆթերիա, գրիպ և այլն), որոնք հանգեցնում են քթի խոռոչի լորձաթաղանթի և նշագեղձերի բորբոքման, ինչպես նաև վերին շնչուղիների սուր և քրոնիկական բորբոքային հիվանդությունների։ Երբեմն շատ մեծանալով, փակում են քթի խոանները, դժվարացնում քթային շնչառությունը։ Երեխան բերանը միշտ բաց է պահում, որի պատճառով առաջանում է քրոնիկական հարբուխ, ատամների անկանոն աճ։ Փակելով միջին ականջի եվստախյան խողովակի ըմպանային բացվածքները, գեղձանմանների պատճառ են դառնում ականջների հիվանդությունների, լսողության թուլացման, անկանոն քնի։ Երեխաները դառնում են անուշադիր, տուժում են մտավոր ունակությունները, երբեմն լինում է գիշերամիզություն։ Բուժումը՝ վիրահատություն։