From Wikipedia, the free encyclopedia
Գետտոները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, բնակելի տարածքներ գերմանական նացիստների ու նրանց դաշնակիցների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, ուր բռնի կերպով տեղափոխվում էին հրեաները՝ նրանց ոչ հրեա բնակչությունից մեկուսացնելու նպատակով։ Այդ մեկուսացումները եղել են այսպես կոչված «հրեական հարցի վերջնական լուծման» քաղաքականության մի մասը[1][2][3][4][5], որի շրջանակներում ոչնչացվել է շուրջ 6 մլն հրեա։
Հին ժամանակներում հրեական սփյուռքում նրանք ինքնուրույնաբար բնակվել են միասին։ Սակայն 1239 թվականին Արագոնում հրապարակել է հրաման, որը բոլոր հրեաներին պարտավորեցրել է ապրել բացառապես իրենց համար հատուկ առանձնացված թաղամասերում։ «Գետտո» տերմինը ծագել է 1516 թվականին Վենետիկում (իտալ.՝ Ghetto di Venezia), որտեղ ջրանցքներով առանձնացված Կանարեջո տարածքում պետք է ապրեին վենետիկցի հրեաները[6]։
Հետագայում հրեական գետտոներ են հայտնվել Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում ու Իտալիայում։
Հոլոքոստի տարիներին նացիստների կողմից ստեղծված գետտոները խորհրդային պատմագրության մեջ կոչել են «ճամբարներ»՝ խուսափելով «գետտո» բառի օգտագործումից։ Այդ քայլի պատճառը եղել է կալանավորների գաղափարախոսական միջազգայնացումը՝ թաքցնելով այն փաստը, որ բռնի մեկուսացման են ենթարկվել հենց հրեաները[7]։
Ստեղծելով հրեաների բռնի մեկուսացման վայրեր՝ հրեաները հետապնդել են հետևյալ նպատակները[1][8].
Հրեաներին գետտոներում կենտրոնացնելու գաղափարն առաջարկել է Ադոլֆ Հիտլերը 1939 թվականին[10]։ Առաջին գետտոներն սկսել են ստեղծվել գերմանացիների կողմից օկուպացված Լեհաստանում։ Փոքր բնակավայրերից ու գյուղերից հրեաների հավաքումը խոշոր քաղաքներում սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 21-ին[8]։ Առաջին գետտոն ստեղծվել է Պյոտրկուվ Տրիբունալսկի քաղաքում 1939 թվականի հունվարին, ապա Պուլավիում և Ռոդոմսկոյում 1939 թվականի դեկտեմբերին, Լոձում 1940 թվականի փետրվարի 8-ին և Ենջեյուվում 1940 թվականի մարտին[11]։
Ընդհանուր առմամբ նացիստների կողմից օկուպացված տարածքներում ստեղծվել է շուրջ 1 150 գետտո[12], որոնցում պահվել են մեկ միլիոնից ոչ պակաս հրեաներ[3]։
Գետտոների ստեղծման գործընթացը գերակշռող մեծամասնության դեպքում կատարվել է երկու փուլով։ Առաջին փուլում նացիստները մնացած բնակչությունից հրեաների ռասայական ու իրավական մեկուսացման հարցը լուծել են «բաց տիպի» գետտոների ստեղծման միջոցով։ Այդ փուլի նպատակը եղել է հրեաներին վերահսկելու գործի պարզեցումը։ Այն ներառել է հրեաներին բնակության վայրը փոխելու արգելքն ու տեղափոխման այլ սահմանափակումներ, ինչպես նաև նրանց կյանքի տնտեսական ու սոցիալական ոլորտին վերաբերող մի շարք արգելքներ։ Առաջին փուլի ավարտին բնակչությունը հստակ բաժանվել է հրեա ու ոչ հրեա մասերի, հրեաներին արգելվել է առանց հատուկ տարբերանշանների (լատ) օգտվել հասարակական տրանսպորտից, այցելել մշակութային-ժամանցային հաստատություններ, սինագոգներ, քայլել կենտրոնական փողոցներով, կատարել կրոնական ծեսեր և այլն։ Հրեաներին արգելվել է գնել մթերքներ խանութում, շուկաներում ու գյուղացիներից, իրերը փոխանակել պարենի հետ, վաճառել անշարժ գույքն ու ցանկացած այլ ունեցվածք[13]։
Երկրորդ փուլում հրեաները մեկուսացվել են «փակ» գետտոներում տեղավորվելու միջոցով, որոնք բնութագրվել են սահմանափակ տարածությամբ, արտաքին պահպանությամբ, առանց հատուկ թույլտվության դուրս գալու և ներս մտնելու արգելքով[13]։
Նացիստների կողմից գրավված Արևելյան Եվրոպայի երկրներում ու Խորհրդային Միության տարածքներում ստեղծված գետտոներ բռնի կերպով (մահվան սպառնալիքով) տեղափոխվել են բոլոր հրեաները, այդ թվում նաև հրեաներ Արևմտյան Եվրոպայից։
Առավել խոշոր գետտոները գտնվել են Լեհաստանի տարածքում։ Առաջին հերթին այդպիսիք եղել են Վարշավայի (450 000 մարդ) ու Լոձի գետտոները (204 000 մարդ)։
Խորհրդային Միության տարածքում ստեղծված խոշորագույն գետտոներն են եղել Լվովի (100 000 մարդ, գոյություն է ունեցել 1941 թվականի նոյեմբերից մինչև 1943 թվականի հունիս) և Մինսկի (շուրջ 80 000 մարդ, լիկվիդացվել է 1943 թվականի հոկտեմբերի 21-ին) գետտոները։ Խոշոր գետտոներ են ստեղծվել նաև Տերեզինում (Չեխիա) և Բուդապեշտում։
Եվրոպայից դուրս գտնվող գետտոներից հայտնի է Շանհայի գետտոն, որտեղ Գերմանիայի դաշակի ճապոնացիները պահել են Շանհայի հրեաներին ու փախստականների Եվրոպայից։
Բոլոր գետտոները, ըստ պատմաբանների, պայմանականորեն կարելի է բաժանել երկու հիմնական տիպի՝ «բաց» և «փակ»։ Բաց գետտոները, որտեղ հրեաները պահպանվող առանձին թաղամասերում պահվում էին առանց ֆիզիկական մեկուսացման, գոյություն են ունեցել միայն նախքան բնակիչների ոչնչացումը կամ նրանց տեղափոխումը «փակ» գետտոներ կամ ճամբարներ։ Այդպիսի գետտոյում պարտադիր կարգով ստեղծվել են յուդենրատներ կամ նշանակվել (ընտրվել) են ավագներ[1][14]։ «Բաց» գետտոներում ապրող հրեաները թեև պաշտոնապես մեկուսացված չէին տեղի ոչ հրեա բնակչությունից, բայց փաստացիորեն նրանց իրավունքները նույնքան սահմանափակ էին, որքան «փակ» գետտոների կալանավորներինը[15]։
«Փակ» գետտոների ստեղծումն իրականացվել է բոլոր հրեաներին պահպանվող տարածքներում (թաղամաս, փողոց, առանձին կառույց) պարտադիր տեղավորմամբ։ Փակ գետտոների շուրջը կալանավորների ուժերով և նրանց հաշվին կառուցվել է պարիսպներ փշալարով կամ պատեր ու ցանկապատեր։ Մուտքն ու ելքն իրականացվել է ստուգիչ-անցագրային կետով, որոնք պահպանվել են երկու կողմերից[14]։ Սկզբում հրեաները տալիս էին գետտոյից դուրս գալու թույլտվություն, բայց 1941 թվականի նոյեմբերից ցանկացած հրեա, որը գտնվել է գետտոյից դուրս, ենթակա է եղել մահապատժի[16]։
Գետտո տեղափոխելիս հրեաներին թույլատրվել է վերցնել միայն անձնական իրերը. մնացած ունեցվածքը հանձնարարվել է թողնել։ Գետտոերը եղել են չափազանց գերբնակեցված, բնակիչները տառապել են սովից, ցրտից ու հիվանդություններից։ Գետտո մթերք բերելը պատժվել է ընդհուպ մինչև գնդակահարություն[8]։
Յուդենրատները (գերմ.՝ Judenrat — «հրեական խորհուրդ») կամ հրեական կոմիտեներըն ստեղծվել են գերմանական օկուպացիոն ուժերի կողմից որպես հրեական գետտոների ինքնակառավարման մարմիններ։ Յուդենրատները, ի տարբերություն մյուս տեղական կոլաբորացիոնիստական մարմինների, հաճախ ձևավորվել են բռնի կերպով[17]։
Յուդենրատի լիազորությունների մեջ են մտել գետտոյի տնտեսական կյանքի և կարգի պահպանությունը, դրամական միջոցների ու այլ ռազմատուգանքների հավաքումն, աշխատանքային ճամբարներում աշխատանքի համար թեկածուների հավաքումը, ինչպես նաև օկուպացիոն իշխանությունների հանձնարարությունների կատարումը։ Ձևականորեն յուդենրատին է ենթարկվել հրեական ոստիկանությունը[18]։
Պատմական գիտությունների թեկնածու Եվգենի Ռոզենբլատը հրեական կոլաբորացիոնիստներին բաժանում է երկու մեծ խմբերի[17].
Առաջին խումբն իրեն նույնացնում էր գետտոյի մյուս բոլոր բնակիչների հետ և ձգտել է հնարավորության դեպքում հասնել այն համակարգին, որի օրոք հրեական բնակչության մի ամբողջ կատեգորիայի տրվել են կենդանի մնալու լրացուցիչ հնարավորություններ, օրինակ՝ յուդենրատի հովանավորությունը բազմազավակ, չունևոր ընտանիքների, ծերերի, միայնակ մարդկանց ուհաշմանդամների նկատմամբ։ Երկրորդ խմբի ներկայացուցիչներն իրենց հակադրել են մյուս հրեաներին և օգտագործել են բոլոր միջոցները կենդանի մնալու համար, որոնցից ոմանք կարող էին հանգեցնել մյուսների կարգավիճակի վատացման կամ մահվան։
Յուդենրատների անդամները տարբեր կերպ են վերաբերվել գետտոյում զինված ընդհատակի ակցիաներին ու դիմադրությանը։ Որոշ դեպքերում նրանք կապ են հաստատել և համագործակցել ընդհատակի ու պարտիզանների հետ, այլ դեպքերում՝ ձգտել են թույլ չտալ դիմադրության արտահայտություններ՝ վախենալով, որ գերմանացիները կսկսեն վրեժ լուծել գետտոյի բոլոր բնակիչներից[17]։ Գոյություն են ունեցել նաև նացիստներին ակտիվորեն օժանդակողներ։ Նրանց մի մասն սպանվել է ընդհատակայինների ու պարտիզանների կողմից[19]։
Տարբեր գետտոներ գոյություն են ունեցել մի քանի օրվանից (Յանովիչի, Կալինկովիչի) մինչև մի քանի ամիս (Բորիսով) և նույնիսկ տարի (Մինսկ, Վիլնյուս)[3]։
Նացիստների ծրագրի բնական արրձագանքն են դարձել գետտոների կալանավորների դիմադրության գործողությունները՝ կոլեկտիվ ու անհատական, ինքնաբերական ու պլանավորված։
Դիմադրության պասիվ ձևերից է եղել ցանկացած ոչ բռնի գործողությունը, որը նպաստել է հրեաների կյանքի պահպանմանը։ Մասնավորապես սովի ու հիվանդությունների միջոցով հրեաների զանգվածային ոչնչացման ծրագրին հակազդելու համար անօրինական կերպով գետտոներ են հասցվել ուտելիք և դեղանյութեր, հնարավորինս պահպանվել է անձնական հիգիենան, ստեղծվել են բժշկական ծառայություններ։ Կարևոր դեր է կատարել հոգևոր դիմադրությունը։ Գետտոներում գոյություն են ունեցել ընդհատակյա դպրոցներ, մասնագիտական դասընթացներ, անցկացվել են մշակութային ու կրոնական միջոցառումներ[8][20][21]։
Դիմադրության ակտիվ ձևերից են եղել գետտոներից փախուստի նախապատրաստումը, հրեաներին չեզոք երկրների անվտանգ տարածքներ և պարտիզանական ջոկատներ ուղարկելը, զինված ապստամբությունները գետտոներում, դիվերսիաներն ու սաբոտաժները գերմանական ձեռնարկություններում[22][23][24]։ Ամենահայտնին ու երկարատևը եղել է Վարշավայի գետտոյի ապստամբությունը, որը շարունակվել է մեկ ամիս։ Գերմանացիներն ստիպված են եղել ապստամբների դեմ կիրառել տանկեր, հրետանի և ավիացիա։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.