Գերճնշում
From Wikipedia, the free encyclopedia
Գերճնշում կամ արյան բարձր ճնշում, հաճախ կոչվում է նաև զարկերակային գերճնշում, քրոնիկական հիվանդություն, որի դեպքում զարկերակներում արյան ճնշումը բարձրանում է[1]։ Այս վիճակը սրտից «պահանջում» է սովորականից ավելի մեծ ջանքեր գործադրել՝ արյունը դեպի արյունատար անոթներ մղելու համար։ Արյան ճնշումը գնահատվում է երկու ցուցանիշերով՝ սիստոլիկ և դիաստոլիկ ճնշումներով, որոնք իրենցից ներկայացնում են սրտամկանի վիճակը՝ կծկված (սիստոլա) կամ թուլացած (դիաստոլա)։ Հանգստի վիճակում արյան նորմալ սիստոլիկ ճնշումը 100–140 մմ ս․ս․ սահմաններում է (վերին ցուցանիշ), դիաստոլիկ ճնշումը՝ 60–90 մմ ս․ս․ սահմաններում (ստորին ցուցանիշ)։ Զարկերակային գերճնշում համարվում է արյան ճնշման կայուն կերպով բարձրացումը 140/90 մմ ս․ս․ և ավելի բարձր։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ճնշում (այլ կիրառումներ)
Գերճնշում | |
---|---|
Տեսակ | հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան |
Հետևանք | Սրտային անբավարարություն |
Բժշկական մասնագիտություն | ընտանեկան բժշկություն և hypertensiology? |
ՀՄԴ-9 | 401401-405405 |
ՀՄԴ-10 | I10-I1515. |
Hypertension Վիքիպահեստում |
Տարբերում են առաջնային (էսենցիալ) գերճնշում և երկրորդային գերճնշում․ դեպքերի 90–95%–ը գնահատվում են որպես «առաջնային գերճնշում», ինչը նշանակում է արյան բարձր ճնշում՝ առանց պատճառ հանդիսացող ակնհայտ առողջական խնդրի[2]։ Մնացած դեպքերի 5–10%–ը (երկրորդային գերճնշում) հանդիսանում են երիկամները, սիրտը, զարկերակները կամ ներզատական համակարգը ախտահարող որևէ հիվանդության հետևանք։
Գերճնշումը ինսուլտի, սրտամկանի ինֆարկտի, սրտային անբավարարության, զարկերակների անևրիզմաների (օրինակ՝ աորտայի անևրիզմայի), ծայրամասային զարկերակների հիվանդությունների գլխավոր ռիսկի գործոնը և երիկամների խրոնիկ հիվանդությունների պատճառ է։ Զարկերակային ճնշման նույնիսկ չափավոր բարձրացումը կապվում է կյանքի սպասվող տևողության (անգլ.՝ life expectancy) կրճատման հետ։ Սննդակարգի և կենսակերպի փոփոխությունները կարող են բարելավել արյան ճնշումը և իջեցնել նրա հետ կապված բարդությունների վտանգը, սակայն կենսակերպի փոփոխության ոչ արդյունավետ լինելու դեպքում հաճախ դեղորայքային բուժման կարիք է լինում։