Գոթֆրիդ Լայբնից
գերմանացի փիլիսոփա, մաթեմատիկոս, ֆիզիկոս / From Wikipedia, the free encyclopedia
Գոթֆրիդ Վիլհելմ Լայբնից[23][24][25][26] (Gottfried Wilhelm Leibniz կամ գերմ.՝ Gottfried Wilhelm von Leibniz, МФА: [ˈɡɔtfʁiːt ˈvɪlhɛlm fɔn ˈlaɪbnɪts][27] կամ [ˈlaɪpnɪts][28] (գերմ.՝ Gottfried Wilhelm von Leibniz, հուլիսի 1, 1646(1646-07-01)[1][2][3][…], Լայպցիգ, Սաքսոնիայի կյուրֆիուրսություն, Սրբազան Հռոմեական կայսրություն[4] - նոյեմբերի 14, 1716(1716-11-14)[5][1][6][…], Հաննովեր, Բրաունշվայգ-Լյունեբուրգ, Սրբազան Հռոմեական կայսրություն[4][7][8]), գերմանացի փիլիսոփա, տրամաբան, մեխանիկ, մաթեմատիկոս, ֆիզիկոս, իրավաբան, պատմաբան, գյուտարար և լեզվաբան[23][24][26]։
Բեռլինի գիտությունների ակադեմիայի հիմնադիր և առաջին նախագահ[24][29][30], Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի օտարերկրյա անդամ[31]։
Լայբնիցի կարևորագույն գիտական նվաճումները․
- Անկախ Իսահակ Նյուտոնից՝ անվերջ փոքրի տեսության հիման վրա ստեղծել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշվարկի մաթանալիզը[31]։
- Ստեղծել է կոմբինատորիկան՝ որպես գիտություն[32]։
- Դրել է մաթեմատիկական տրամաբանության հիմքերը[23][26]։
- Նկարագրել է 0 և 1 թվերի հաշվարկի երկուական համակարգը[33]։
- Մեխանիկա է ներմուծել «կենդանի ուժի» գաղափարը (ժամանակակից կինետիկ էներգիայի նախատիպը) և ձևակերպել է էներգիայի պահպանման օրենքը[23]։
- Հոգեբանության մեջ առաջ է քաշել անգիտակցորեն «փոքր պերցեպցիայի» հասկացությունը և զարգացրել է անգիտակից հոգեբանական կյանքի տեսությունը[23]։
Զարգացրել է հարաբերականության մասին ուսմունքը և առաջինն է ձևակերպել էներգիայի պահպանման օրենքը, մաթեմատիկայում ստեղծել է դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվը[31]։ Լայբնիցը սովորել է Լայպցիգի և Ենայի համալսարաններում, այնուհետև կատարելագործվել Փարիզում ու Լոնդոնում։ 1676 թվականից սովորել է Հաննովերի դուքսի մոտ։ Լայբնիցը ձևակերպել է ֆիզիկայի կարևորագույն օրենքներից մեկը, որը կոչվում է «փոքրագույն գործողության սկզբունք»[34]։ Առաջարկել է գլանի և մխոցի գաղափարը, կատարելագործել Պասկալի հաշվիչ մեքենան, նախագծել օպտիկական և հիդրավլիկ սարքեր։
Մաթեմատիկայում Լայբնիցը ներմուծել է մաթեմատիկական նշանների համակարգը, բազմաթիվ հասկացություններ և տերմիններ, որոնք օգտագործվում են մինչև այսօր[26]։
Լայբնիցը ստեղծել է լեզուների պատմական առաջացման տեսությունը, տվել դրանց ծագումնաբանական դասակարգումը։ Նա հետաքրքրվել է նաև հայոց լեզվի հետ այլ լեզուների ունեցած փոխհարաբերության հարցով, խրախուսել ֆրանսիացի արևելագետ-հայագետ Մ. լա Կրոզի հայագիտական աշխատանքները։ Լայբնիցը կապեր է ունեցել Ամստերդամում գործող հայ տպագրիչների՝ Ղուկաս Վանանդեցու և ուրիշների հետ։
Եղել է Լոնդոնի թագավորական ընկերության, Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ[31], Բեռլինի գիտությունների ակադեմիայի հիմնադիր-նախագահ[35][36]։
Լայբնիցը, մոտ 1700 թվականին հետազոտելով հայերենի, հիմա՝ գրաբարի բառապաշարը, այն դասել է իրանական լեզվաճյուղին և այնքան հիմնավոր, որ միայն 1875 թվականին Հայնրիխ Հյուբշմանը որոշեց հայերենի տեղը հնդեվրոպական լեզվաընտանիքում որպես առանձին ճյուղ[37]։
Լայբնիցը նաև համարվում է 17-րդ դարի փիլիսոփայության ավարտողը և գերմանական դասական փիլիսոփայության նախակարապետը, փիլիսոփայական համակարգի ստեղծողը, որը ստացել է մոնադաբանություն անվանումը[38]։ Նա զարգացրել է վերլուծության և սինթեզի մասին գիտություն[39], առաջին անգամ ձևակերպել է բավարար հիմունքի օրենքը (որին, սակայն, ոչ միայն տրամաբանական իմաստ էր տալիս) (մտածողությանը վերաբերվող), այլ նաև օնտոլոգիական (կեցությանը վերաբերող) իմաստ. «... ոչ մի երևույթ չի կարող լինել ճիշտ կամ իրական, ոչ մի պնդում՝ արդար, առանց որևէ հիմքի, թե ինչու է գործն ընթանում այս կամ այն ձևով…»)[38][40]։
Լայբնիցը համարվում է նաև ինքնության օրենքի ժամանակակից ձևակերպման հեղինակ[26][39], նա կիրառության մեջ է դրել «մոդել» բառը, գրել է մարդկային ուղեղի մեքենայացված մոդելավորման գործողությունների մասին[41]։ Լայբնիցը գաղափար է հայտնել էներգիայի մի տիպը մեկ ուրիշ տիպի փոխակերպելու մասին, ձևակերպել է ֆիզիկայի վարիացիոն կարևորագույն սկզբունքներից մեկը՝ «նվազագույն գործողության սկզբունքը» և արել է մի շարք բացահայտումներ ֆիզիկայի հատուկ բաժիններում[26]։
Լայբնիցը նաև կիրառության մեջ է դրել օրգանական համակարգերի ամբողջականության սկզբունքը, օրգանականի մեխանիկականին չնվազեցվող սկզբունքը և արտահայտվել է Երկրի էվոլյուցիայի մասին։