Գրավիտացիոն ալիքներ
From Wikipedia, the free encyclopedia
Գրավիտացիոն ալիքներ, տարածաժամանակի կորության տատանումներ, որոնք ալիքների ձևով տարածվում են գրավիտացիոն մարմնից։ 1916 թվականին կանխատեսել է Ալբերտ Այնշտայնը[1][2] հարաբերականության ընդհանուր տեսության հիման վրա[3][4]։ Տեսականորեն գրավիտացիոն ալիքները էներգիան տեղափոխում են որպես գրավիտացիոն ճառագայթում։ Գրավիտացիոն ալիքների նկատվող աղբյուր կարող են լինել սպիտակ թզուկներից, նեյտրոնային աստղերից կամ սև խոռոչներից կազմված կրկնակի աստղային համակարգերը։ Գրավիտացիոն ալիքների գոյությունը հարաբերականության ընդհանուր տեսության Լորենցի ինվարիանտության հնարավոր հետևանք է, քանի որ նրանից բխում է ֆիզիկական փոխազդեցությունների տարածման արագության վերջավոր լինելու հասկացությունը։ Նյուտոնյան գրավիտացիայի տեսությունում գրավիտացիոն ալիքները գոյություն ունենալ չեն կարող, քանի որ ըստ այդ տեսության՝ ֆիզիկական փոխազդեցությունները տարածվում են անսահման արագությամբ։
Չնայած գրավիտացիոն ճառագայթումն ուղղակիորեն չի նկատվել, դրա գոյության անուղղակի վկայություններ կան[5]։ Օրինակ՝ 1993 թվականի ֆիզիկայի Նոբելյան մրցանակը տրվեց PSR B1913+16 կրկնակի համակարգի չափումների համար, որոնցից բխում էր, որ գրավիտացիոն ալիքները միայն տեսական հասկացություն չեն։ Ներկայումս կառուցվում են կամ գործում են տարբեր գրավիտացիոն ալիքների դետեկտորներ, ինչպես օրինակ LIGO-ն (գրավիտացիոն ալիքների լազերային ինտերֆերոմետրային աստղադիտարան), որը սկսել է դիտարկումները 2015 թվականի սեպտեմբերին[6]։
2014 թվականի մարտի 17-ին Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի աստղագետները սխալմամբ հայտարարեցին, որ նկատել են և պատկերել «գրավիտացիոն ալիքների առաջին ուղղակի պատկերը սկզբնական երկնքում»՝ տիեզերական միկրոալիքային ճառագայթման ֆոնում, որը որը մեծ պայթյունի վկայությունն է[5][7][8][9][10]։ 2014 թվականի հունիսի 19-ին զեկուցվեց տիեզերական ինֆլյացիան հաստատող վկայության մասին[11][12][13], իսկ 2014 թվականի սեպտեմբերի 19-ին հրապարակում եղավ այդ վկայության անվստահելիության մասին[14][15]։ 2015 թվականի հունվարի 30-ին զեկուցվեց էլ ավելի քիչ արժանահավատ լինելու մասին[16][17]։ Nature ամսագիրը հետագայում նոր հոդված տպագրեց՝ «Գրավիտացիոն ալիքների հայտնագործությունը պաշտոնապես մեռած է» վերնագրով[18]։
2016 թվականի փետրվարին LIGO-ի թիմը հայտարարեց, որ սև խոռոչների բախման գրավիտացիոն ալիքներ են գրանցել[19][20]։