Գևորգ Չաուշ
From Wikipedia, the free encyclopedia
Գևորգ Չաուշ (Գևորգ Չավուշ, Գէորգ Ղազարեան) (1870[2], Բիթլիսի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մայիսի 27, 1907(1907-05-27), Սուլուխ կամուրջ, Բիթլիսի վիլայեթ, Սուլուխ, Օսմանյան կայսրություն[1]), հայ ազգային ազատագրական շարժման հերոս, հայդուկապետ, ՀՅԴ անդամ։ Գևորգ Չաուշը համիդյան արյունոտ վարչակարգի դեմ ոտքի ելած հայ ֆիդայական շարժման առաջին սերնդի ակնառու դեմքերից է, իր ժողովրդի ազատագրման գործին նվիրված անձնազոհ մարտիկ։
Գևորգ Արոյի Ադամյան | |
---|---|
արմտ. հայ.՝ Գէորգ Չաւուշ | |
1870 - 1907 թվականի մայիսի 27 | |
Ծննդավայր | Արևմտյան Հայաստան, Սասուն, Մկթենք գյուղ |
Մահվան վայր | Սուլուխ կամուրջ, Բիթլիսի վիլայեթ, Սուլուխ, Օսմանյան կայսրություն[1] |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Զորատեսակ | Հայ ֆիդայիներ |
Ծառայության տարիներ | 1889-1907 թվականներ |
Կոչում | Տարոնի հայդուկապետ |
Հրամանատարն էր | հայդուկային խմբերի |
Մարտեր/ պատերազմներ | Սասունի ապստամբություն (1894), Առաքելոց վանքի կռիվ (1901), Սասունի ապստամբություն (1904), Սուլուխի կռիվ (1907) |
Գևորգ Չաուշը եղել է այնպիսի հայտնի ֆիդայիների զինակիցը, ինչպիսիք են Արաբոն, Դժոխք Հրայրը, Աղբյուր Սերոբը, Անդրանիկը։ Առաջին անգամ աչքի է ընկել Սասունի 1891-1893 թվականների ինքնապաշտպանական կռիվներին։
Կռվում աչքի է ընկել իր մարտավարությամբ և կազմակերպչական ձիրքով։ Դա է վկայում Բերդակ գյուղում բազմաթիվ թշնամու դեմ ընդամենը 4 հայդուկով մղված մարտի տակտիկան։ Երկուսը կրակում էին, իսկ մյուս երկուսը նահանջում։ Քիչ անց ֆիդայիները մյուս զույգն էր սկսում կռվել, իսկ նախորդները նահանջում էին։ Ֆիդայիներն այդպիսով նահանջում են շուրջ 20 կմ և հասնում Ծիր-Կատար[3]։
Գևորգ Չաուշը Անդրանիկի հետ միասին վրեժ է լուծել Աղբյուր Սերոբի մահվան համար։ Սերոբի մահից հետո շատերն առաջարկում էին, որ Գևորգը գլխավորի ֆիդայիներին, բայց Գևորգը, համեստ մարդ լինելով, իր տեղը զիջում է Անդրանիկին։
Չաուշի ամենահայտնի մարտերից մեկը Առաքելոց վանքի կռիվն է, որը կազմակերպել էր Անդրանիկը։ Գևորգն անձամբ ղեկավարել է Իշխանաձոր գյուղի պաշտպանությունը և այնտեղ ունեցել է ֆիդայիների ջոկատ։ Թուրքական կառավարությունը ստիպված է եղել սասունցիներին ուշադրության կենտրոնում պահելու համար այդ գյուղում զորանոց կառուցել[4]։
Գևորգը գտնում էր, որ պետք էր դաշնակից լինել քրդերի հետ։ Դրա համար էլ նա մեծ հարգանք է վայելել քրդերի մոտ։ Բացի այդ Չաուշը դաժանաբար պատժում էր այն քրդերին, ովքեր թալանում էին հայ գյուղացու ինչքը։
Եղել է միակ ֆիդային, ով, բոլոր ֆիդայական օրենքներին հակառակ, ամուսնացել է։