Դահաբ
From Wikipedia, the free encyclopedia
Դահաբ (արաբ․՝ دهب), առողջարանային ոչ մեծ քաղաք Եգիպտոսում՝ Սինայի թերակղզու հարավարևելյան մասում, Կարմիր ծովի Աքաբայի ծոցի ափին։ Ընկած է տարածաշրջանի խոշորագույն բնակավայրից՝ Շարմ էլ Շեյխից մոտավորապես 80 կիլոմետր դեպի հարավ։ Սինայի բազմաթիվ այլ բնակավայրերի պես՝ Դահաբն էլ իր տարեգրության սկզբնական շրջանում եղել է բեդվինական գյուղ (ձկնորսական կեցավայր)։ 2006 թվականի տվյալներով Դահաբում ապրում էին մոտավորապս 5 հազար բեդվիններ և 7 հարյուր այլազգիներ։ Քաղաքում գործում են հարյուրից ավելի հյուրանոցներ և խորասուզման (դայվինգի) հիսունից ավելի կենտրոններ[2]։ Պահպանվել է հին քաղաքամասը, որի առափնյա փողոցի եզրերին գտնվում են համեմատաբար էժան քեմփինգներ, հոսթելներ, ոչ մեծ հյուրանոցներ, ռեստորաններ, ճաշարաններ, հուշանվերների, մրգերի, քաղցրավենիքի խանութներ։ Ծովախորշի ափին կարելի է տեսնել մեր թվականությունից առաջ 2-րդ դարում կառուցված փարոսի և նաբաթացիների օգտագործած հին նավահանգստի մնացորդները։
Բնակավայր | ||
---|---|---|
Դահաբ | ||
մասրի՝ دهب | ||
Երկիր | Եգիպտոս | |
ԲԾՄ | 21±1 մետր | |
Բնակչություն | 4479 մարդ (նոյեմբեր 2006)[1] | |
Ժամային գոտի | Եգիպտոսի ստանդարտ ժամանակ | |
Փոստային դասիչ | 46617 | |
| ||
Դահաբը հռչակվել է որպես վինդսերֆինգով զբաղվելու լավագույն վայր։ Քամիներն այստեղ մշտապես փչում են և ափից ոչ շատ հեռու բարձր ալիքներ են առաջացնում։ Այստեղ իրենց մարզումներն ու հանգիստն են անցկացնում նաև սնորքելինգի և դայվինգի սիրահարները։ Նրանց սիրած վայրը այսպես կոչված՝ Կապույտ անցքն է. դա Դահաբից հյուսիս ընկած կորալային մեծ փոս է և համբավվել է նրանով, որ դարձել է մեծաթիվ դժբախտ պատահարների վայր, ընդ որում՝ այդ պատահարների զգալի մասը մահացու ավարտ է ունեցել[3]։ Դահաբի գրավիչ տեսարժան վայրերից է սբ. Եկատերինայի վանքը, որն ըստ ավանդազրույցի՝ կառուցվել է հենց այն վայրում, որտեղ Մովսեսը տեսել է Անկեզ մորենին։
2006 թվականի ապրիլի 24-ին Դահաբում տեղի է ունեցել պայթյուն, որի կազմակերպիչները միմյանց դեմ հակամարտող բեդվինական թշնամի խավերի ներկայացուցիչներ էին։ Այդ պայթյունի հետևանքով զոհվել է 23 մարդ (ոչ զբոսաշրջիկներ)[4][5]։