Դեռահասի հոգեբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Դեռահասի հոգեբանություն, հոգեբանության ճյուղերից մեկի՝ տարիքային հոգեբանության ուսումնասիրության առարկա։ Այն ուսումնասիրում է դեռահասի հոգեբանությունը՝ առանձնացնելով դա՝ որպես տարիքային փուլերից ամենաճգնաժամայինը։
Վերջինս իրավունքի և իրավունքի հոգեբանության հետ առնչվում է այնքանով, որքանով վերաբերում է կոնկրետ հանցածին վարքին և գործունեությանը։ Սովորաբար, շեշտվում է այն հանգամանքը, որ դեռահասության տարիքում՝ սեռական հասունության պայմաններում, անձի ֆիզիկական, կենսաբանական ինտենսիվ փոփոխությունները հանգեցնում են հոգեբանական նորագոյացումների։ Առհասարակ դեռահասության տարիքը ընդունված է համարել դժվար շրջան, քանի որ այս տարիքում են ձևավորվում մարդու աշխարհընկալման, աշխարհայացքի և առհասարակ առաջնային արժեքների համակարգը, նախնական բլոկը։ Ապացուցված է նաև, որ դեռահասի վարքը հաճախ անկառավարելի է դառնում այն պատճառով, որ տարիքային առանձնահատկության հետ կապված նրանց վարքագծում գերակշռում է հուզական ֆոնը։ Դեռահասի տարիքային սահմանների շուրջ մասնագիտական բուռն բանավեճեր են ծավալվել, սակայն այսօր մասնագետների մեծ մասը հակված է այս շրջանը վերագրել 12-16 տարեկան։ Դեռահասի պարագայում անհրաժեշտ է հիշել, որ ֆիզիկական տվյալներով չափահասից չտարբերվող, սակայն հոգեբանորեն ավելի ցածր զարգացման մակարդակի վրա գտնվող անձի մասին է խոսքը։ Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ սեռական հասունության էտապում մարդու ֆիզիկական զարգացումը աննախընթաց արագ աճ է արձանագրում, իսկ հոգեբանական առումով նրա զարգացումը պահանջում է ավելի շատ ժամանակ։
Այս շրջանում անչափահասն սկսում է ակտիվորեն վերաիմաստավորել իր նախկին մոտեցումները, փորձում է դուրս գալ ավագ հարազատների ազդեցության ոլորտից, սկսում է հաճախ նրանց հակառակվել, նկատել նրանց մեջ բացասական գծեր, որոնք մինչ այդ չէր նկատում, ձգտում է անկախության, ինքնուրույնության և ինքնահաստատման, մյուս կողմից նրա համար շատ ավելի արժեքավոր է դառնում իր տարեկիցների կարծիքը, փորձում է հարմարվել նրանց կողմից ընդունված նորմերին և հաստատվել իր տարեկիցների միջավայրում։