Դիվիդենդ
From Wikipedia, the free encyclopedia
Դիվիդենդ (անգլ.՝ dividend), բաժնետիրական ընկերության շահույթի մի մասը, որ ամեն տարի բաշխվում է բաժնետերերի միջև հարկավճարից, արտադրության ընդլայնման մասնահանումներից, պահուստների համալրումից, վարկի և փոխառությունների տոկոսավճարից և տնօրենների խրախուսումից հետո։ Սովորական բաժնետոմսերի (ձայնի իրավունքով) շահաբաժինը տատանվում է՝ կապված բաժնետիրական ընկերության շահույթի հետ, բաժնետերերի ժողովի որոշումով։ Արտոնյալ բաժնետոմսերի (առանց ձայնի իրավունքի) դիվիդենդը վճարվում է դրանց անվանական արժեքից՝ նախապես սահմանված կայուն տոկոսաչափով։
Դիվիդենդները կարող են վճարվել տարվա ընթացքում մի քանի անգամ։ Կարող են և ընդհանրապես չվճարվել։ Դիվիդենդների վճարումը նվազեցնում է կապիտալացումը և պահանջում է խնայողություններ։ Ֆինանսական տարվա ընթացքում վճարվող դիվիդենդները կոչվում են միջանկյալ կամ նախնական դիվիդենդներ (անգլերեն՝ interim dividend)։ Ֆինանսական տարվա ավարտին վճարվում են ավարտական դիվիդենդներ (անգլերեն՝ final dividend)։
Սովորաբար դիվիդենդները վճարում են դրամի տեսքով։ Նման դիվիդենդները կոչվում են դրամական դիվիդենդներ (անգլերեն՝ cash dividend)։ Բացի այդ՝ դիվիդենդները կարող են վճարվել բաժնետոմսերի (անգլերեն՝ stock dividend) կամ բաժնետիրական ընկերության այլ ունեցվածքի ձևով։