Դրոշ
From Wikipedia, the free encyclopedia
Բոլոր ժամանակներում մարդիկ օգտագործել են խորհրդանիշեր և ազդանշաններ՝ միմյանց հետ հաղորդակցվելու, որևէ բանի մասին զգուշացնելու կամ որևէ բան առանձնացնելու և ընդգծելու համար։ Այդպիսի նշաններից մեկը դրոշն է։ Դրոշը որոշակի ձև և գույն(եր) ունեցող պաստառ է։ Դրոշի վրա կարող են պատկերված լինել պատկերներ։ Սովորաբար դրոշն օգտագործվում է իր տիրոջը նույնականացնելու (նույն տիպի այլ օբյեկտներից առանձնացնելու) համար։
Դրոշները նույն նպատակ կամ նույն ծագումն ունեցող մարդկանց միության նշան են։ Դրոշը պետության համար նույն արժեքն ու կարևորությունն ունի, ինչ սահմանադրությունն ու օրհներգը։ Դրոշը բարձրացնելու ժամանակ գործում են “դրոշների էթիկետի” կանոնները։ Դրոշը բարձրացնում են լուսաբացին և իջեցնում մայրամուտին։ Հատուկ դեպքերում դրանք կայմի վրա մնում են նաև գիշերը, բայց անպայման պետք է լուսավորվեն։ Բարձրացնելուց կամ իջեցնելուց դրոշը չպետք է դիպչի գետնին։ Այն անարգելը, ոտքի տակ գցելը, տրորելը, պատռելը, այրելը, պետությանը հասցրած վիրավորանք է համարվում։
Դրոշներ ստեղծվել են տարբեր երկրներում, որպես մարդկանց առանձին խմբերի կամ ամբողջ ազգերի տարբերակիչ նշաններ։ Դրանք սկզբում երկար ձողեր էին, որոնց վրա նկարներ կամ առարկաներ էին ամրացվում[1]։ Դրանցով զինվորները կողմնորոշվում էին մարտի դաշտում, յուրայինին տարբերում թշնամուց։ Հետագայում ինչպես այսօր, սկսեցին կարել կտորից։ Նախկինում դրոշները աստվածների, կրոնների, արքաների իշխանության խորհրդանիշներն էին։
Այսօրվա ազգային դրոշները խորհրդանշում են ազգերի միասնությունը, ազատությունն ու անկախությունը։ Դրանց գույնը և նշանները սերտորեն կապված են ազգերի պատմության և ինքնագիտակցության հետ։
Արդեն նախնադարյան ժայռապատկերների վրա կարելի է տոհմերի տարբերակիչ նշաններ տեսնել։ Շատ ազգերի ասորիների, հռոմեացիների, ացտեկների մոտ ի հայտ եկան, այսպես կոչված, վեկսիլլոիդներ ձողեր, որոնցից ամրացված էին փայտե, մետաղե կամ կաշվե տարբերանշաններ։
Հռոմեական վեկսիլլումը այօրվա դրոշների և դրոշակիրների նախատիպն է համարվում։
Դրոշների գույները վառ են ու պայծառ, իսկ խորհրդանիշները երևում են հեռվից։ Դրոշների և դրոշակների գույները յուրահատուկ իմաստ են պարունակում։ Առավել հաճախ հանդիպող գույնը կարմիրն է։ Այն պատերազմ, հեղափոխություն է խորհրդանշում և սոցիալիստական պետությունների դրոշների հիմնական գույնն էր։ Սպիտակ գույնն առավել հաճախ մաքրության ու խաղաղության նշան է։ Սպիտակ դրոշը բոլոր երկրներում բանակցություններ սկսելու պատրաստակամության կամ անձնատուր լինելու նշան է։ Այդ դրոշով եկող թշնամու զինվորը անձեռնմխելի է, նրան չի կարելի ձերբակալել, սպանել կամ վնասել։ Արևմտյան երկրներում սև գույնը մահվան, սգո և անիշխանության նշան է։ Աֆրիկյան երկրների դրոշներում այն խորհրդանշում է սևամորթ բնակչությունը։ Կանաչը հանդիպում է այն երկրների դրոշների վրա, որոնք կարևում են գյուղատնտեսությունն ու բնությունը։ Կանաչը նաև իսլամի գույնն է, այդ պատճառով էլ պարտադիր առկա է իսլամադավան երկրների դրոշներին։ Ասիական շատ երկրների համար բնորոշ է նարնջագույնը, սա բուդդայականության գույնն է։ Դեղինը արև, ջերմություն և բարեկեցություն է խորհրդանշում։
Խորհրդանիշներն ու նախշերը նպաստում են դրոշների ճանաչմանը։ Պատմական շատ դրոշերի պաստառներ զարդարված են իշխող դինաստիաների զինաննշաներով։
Ժամանակակից դրոշների վրա հաճախ կենդանիներ, թռչուններ կամ բույսեր են պատկերված։ Թխկու տերևը Կանդայի խորհրդանիշն է, մայրին Լիբանանի։ Եվրոպայում հին ժամանակներից դրոշների վրա արծիվ են պատկերել։ Աստղերը սովորաբար մարզերն են կամ նահանգները։ Արև կամ լուսինը խորհրդանշող շրջաններ են պատկերված Ճապոնիայի, Նիգերի և Պալաուի դրոշներին։ Մերձավոր Արևելքի դրոշների յուրահատկությունը գրերն են։ Բանն այն է, որ իսլամը, որը այդ տարածքի երկրների մեծ մասի կրոնն է, արգելվում է կենդանիների պատկերները։
Աշխարհի շուրջ 200 պետությունից յուրաքանչյուրն իր դրոշն ունի։ Ազգային դրոշների այդ խայտաբղետության մեջ, նկատվում է կրկնվող գույների և նշանների համակցումներ։ Կապույտ-սպիտակ-կարմիր եռագույններն առավել հաճախ հանդիպում են Եվրոպայում։
Աֆրիկյան մայրցամաքի դրոշները կարմիր-դեղին-կանաչ գույների են և դրոշների առանձին ընտանիք են կազմում։
Դրոշների դիզայնը պայմանավորված է երկրի պատմությամբ։ Իրարից հեռու գտնվող պետությունները կարող են նման դրոշներ ունենալ։ Այդ երկրները կարող են միավորվել նույն պատմական, մշակութային արմատներով կամ ավանդույթներով։ Նախկինում գաղութ եղած պետությունների դրոշները հաճախ իրենց երբեմնի գաղութարարների ազդեցությունն են կրում։ Ազգերից շատերը նման գաղափարական կամ կրոնական հայացքներ ունեն, ուստի նրանց դրոշները ևս նման են իրար։ Հաճախ դրանց ավելանում է կրանական խորհրդանիշը խաչ կամ մահիկը։ Դրոշների առաջացման պատճառը կարող է լինել նաև աշխարհագրական հարևանությունը։
Հյուսիսային Եվրոպայի բոլոր երկրների դրոշներին սկանդինավյան խաչ է պատկերված։ Սակայն միշտ չէ, որ նման դրոշները նույն ընտանիքին են պատկանում։ Լուքսեմբուրգի և Նիդեռլանդների եռագույններն իրարից անկախ են ստեղծվել սակայն իրար նման են։
- Լիխթենշթայն
- Կոտ դ Իվուար
- Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետություն