Եկատերինյան պալատ
From Wikipedia, the free encyclopedia
Եկատերինյան պալատ (նաև՝ Ցարսկոսելսկյան մեծ պալատ, Եկատերինյան մեծ պալատ, Մեծ պալատ[1], Հին պալատ[2]), նախկին կայսերական պալատ, ռուսական երեք կայսրուհիների՝ Եկատերինա I-ի, Ելիզավետա Պետրովնայի և Եկատերինա II-ի ամառային պաշտոնական նստավայր։ Պալատը գտնվում է Սանկտ Պետերբուրգի կենտրոնից 26 կմ հարավ, նախկին Ցարսկոյե Սելոյում (այսօր` Պուշկին քաղաք)։
Համարվում է Ռուսաստանի մշակութային ժառանգության օբյեկտ[3], ներառված է «Պուշկին քաղաքի պալատա-պուրակային անսամբլը և նրա պատմական կենտրոնը» համալիրի մեջ , որն էլ համալրում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից պահպանվող հուշարձանների ցանկը՝ որպես «Սանկտ Պետերբուրգի պատմական կենտրոն և հարակից հուշարձանների համալիր»[4]։
Պալատը կառուցվել է 1717 թվականին Եկատերինա I կայսրուհու հրամանով, որի անունով էլ կոչվում է։ XVIII դարի ընթացքում բազմիցս վերանորոգվել է և այժմյան տեսքով հանդիսանում է ուշ բարոկկոյի օրինակ։ Խորհրդային շրջանում պալատում բացվել է թանգարան։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին պալատը խիստ վնասվել է։ Նրա վերականգնումը տևել է երկար տարիներ և ընթացքի մեջ է։ Վերականգնումը խիստ գիտական հիմքով իրականացվում է Լենինգրադի ռեստավրատորների դպրոցի կողմից։