Եկեղեցական զգեստ
From Wikipedia, the free encyclopedia
Եկեղեցական զգեստ, եկեղեցական հանդերձ, խորհրդաբանական իմաստ ունեցող, դեռևս Հին կտակարանով ավանդված քահանայական հանդերձանք։ Ինչպես ընդհանրական եկեղեցում, այնպես էլ նրա անքակտելի մաս կազմող Հայաստանյայց առաքելական եկեղեցում հնուց ի վեր գործածվել են եկեղեցական զանազան զգեստներ, որոնք իրենց ձևով ու նշանակությամբ տարբերվել են աշխարհիկ հագուստներից։
Ավանդության համաձայն, Հայ եկեղեցու սպասավորների զգեստների ձևը գլխավորապես վերցված է Կեսարիայի և Երուսաղեմի եկեղեցիներից, սակայն, ինչպես բնորոշ է Հայ եկեղեցուն, այդ զգեստները պատշաճեցվել են հայ ոգուն՝ ստանալով ազգային յուրահատուկ ձև ու տեսք։
Եկեղեցական զգեստները դարերի ընթացքում ենթարկվել են մասնակի փոփոխությունների՝ ձևի կամ նյութի առումով, այնուհետև մնացել են անփոփոխ ընդհուպ մինչև մեր օրերը։
Հայ եկեղեցում գործածվող եկեղեցական զգեստներն ըստ օգտագործման կերպի կարելի է բաժանել երկու տեսակի՝ ընդհանուր զգեստներ և աստվածապաշտական զգեստներ։