Եհովայի վկաներ
From Wikipedia, the free encyclopedia
Եհովայի վկաներ, 19-րդ դարի վերջում Միացյալ Նահանգներում ստեղծված միջազգային քրիստոնեական կրոնական կազմակերպություն։ Կազմակերպության հաղորդած պաշտոնական տվյալների համաձայն՝ նրանց անդամների թիվը ողջ աշխարհում 8.68 մլն է[1]։ Կազմակերպության գործունեությունը վերահսկվում է 8 անձից կազմված խմբի՝ «կառավարիչ մարմնի» կողմից[2]։
Եհովայի վկաները հայտնի են տնետուն քարոզչություն իրականացնելով, փողոցում պատահական անցորդների հետ զրուցելով և կրոնական գրականություն, մասնավորապես՝ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերը բաժանելով։ Նրանք հավատում են, որ մարդկությունը գտնվում է Աստվածաշնչում հիշատակված աշխարհի վախճանին նախորդող ժամանակաշրջանում։ Նրանք կատարել են մի շարք կանխատեսումներ, որոնք չեն իրականացել[3]։ Oրինակ՝ կանխատեսել են, որ 1914, 1925 և 1975 թթ. լինելու է աշխարհի վախճանը (Արմագեդոնը)[4][5][6]։
Նրանք չեն հավատում երրորդության, անմահ հոգու և դժոխքի (որպես հավիտենական տանջարան) ուսմունքներին՝ համարելով դրանք ոչ սուրբգրային։ Նրանք չեն նշում Ամանորը, Սուրբ ծնունդը, ծննդյան օրերը և շատ այլ տոներ ու սովորույթներ՝ համարելով դրանք հեթանոսական ծագում ունեցող[7]։ Նրանք չեն մասնակցում ընտրություններին, պատիվ չեն տալիս պետական դրոշին և հրաժարվում են զինվորական ծառայությունից, որի փոխարեն որոշ երկրներում, այդ թվում նաև Հայաստանում, զորակոչման ենթակա Եհովայի վկաներն իրականացնում են այլընտրանքային աշխատանքային ծառայություն[8] (տե՛ս ստորև)։
Եհովայի վկաներն ընդունում են որոշակի գիտակցական տարիքի հասած անձանց, այդ թվում՝ երեխաների մկրտությունը[9], որով նորահավատը նրանց կազմակերպության անդամ է դառնում։ Որոշ Եհովայի վկաներ մկրտվել են 6 կամ 7 տարեկանում[10][11]։
Եհովայի վկաները հրաժարվում են ամբողջական արյան և դրա հիմնական բաղադրամասերի՝ էրիթրոցիտների, լեյկոցիտների, թրոմբոցիտների և պլազմայի փոխներարկումից՝ անկախ հիվանդի տարիքից և առողջական վիճակի ծանրությունից։ Նրանց նաև արգելված է արյուն տալ ուրիշներին ներարկելու համար և պահեստավորել սեփական արյունը իրենց իսկ ներարկելու համար։ Արյան պլազմայի առանձին բաղադրամասերի ներարկումը (օր.՝ իմունոգլոբուլիններ, ալբումին) անձնական որոշման հարց է[12]։
Նրանք «ընկերակցությունից զրկում» են կազմակերպությունից դուրս եկող անդամներին, այսինքն՝ չեն բարևում և չեն շփվում ո՛չ կրոնական, ո՛չ էլ որևէ այլ թեմայով։ Եթե վտարված անհատն ընտանիքի անդամ է, շփումը պետք է հասցվի նվազագույնի[13][14]։
Եհովայի վկաներին խրախուսվում է բարձրագույն կրթություն չստանալ[15][16]։