Եռաբլուր պանթեոն
From Wikipedia, the free encyclopedia
Եռաբլուր պանթեոն, Հայաստանի պաշտպանության նախարարության զինվորական հուշահամալիր-պանթեոն, ազգային գերեզմանատուն Հայաստանի մայրաքաղաք Երևանի արևմտյան մասում՝ Երևան-Էջմիածին ավտոմոբիլային ճանապարհից աջ՝ Եռաբլուր բարձունքում։ Այնտեղ ամփոփված են Արցախյան ազատամարտում և 1994 թվականի զինադադարից հետո զոհված ազատամարտիկների և զինծառայողների, 2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի զոհված զինծառայողների, ինչպես նաև Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի մի շարք մարտիկների աճյունները։ Գերեզմանատան կարգավիճակը հաստատվել է 1992 թվականի մայիսի 26-ի Հայաստանի կառավարության կարգադրությամբ։ Բլրի բարձրությունը 951 մ է[1]։
Եռաբլուր | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Հիմնադրման թվական | Մայիսի 26 1992 թ. |
Վիճակ | կիսաբաց |
🌐 | erablur.am |
Եռաբլուր պանթեոնի հատակագծի և ճարտարապետական լուծումների հեղինակները Ա. Մխիթարյանի արվեստանոցի ճարտարապետներն են։ Շինարարական և կառուցապատման աշխատանքներն իրականացրել է «Հայավիաշին» ընկերությունը։ Շիրմաքարերը հիմնականում պատրաստված են բազալտից։
Եռաբլուրի մուտքի ձախ մասում մատուռն է, դիմացը՝ Զոհված ազատամարտիկների թանգարանը (որը այդպես էլ չկառուցվեց, և շինարարությունը անավարտ մնաց), հարևանությամբ՝ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի 39 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, ավելի խորքում՝ անհետ կորած ազատամարտիկների հուշաքար-կոթողը։ Եռաբլուրում են ամփոփված զորավար Անդրանիկի, Հայաստանի ազգային հերոսներ` Վազգեն Սարգսյանի, Ջիվան Աբրահամյանի, Մոնթե Մելքոնյանի, Վահագն Ասատրյանի, հազարավոր ազատամարտիկների և զինծառայողների աճյունները։ Համալիրը պահպանում և հսկում է գերեզմանատան զինվորական պահակային ծառայությունը։
2023 թվականի սկզբին զինվորական պանթեոնին հարող տարածքում սկսվել է 10 հեկտար տարածքով այգու շինարարությունը[2]։