From Wikipedia, the free encyclopedia
Երեք կանայք (իտալ.՝ Tre donne), իտալացի նկարիչ, քանդակագործ, ֆուտուրիզմի տեսաբան Ումբերտո Բոչչոնիի 1909-1910 թվականներին ստեղծած կտավը[1]։ Նկարի նյութը՝ կտավ/յուղաներկ է, ոճը՝ դիվիզիոնիզմ[2]։ Դիվիզիոնիզմը գույների բաժանումն է՝ ստեղծելով առանձնացված վրձնահարվածներ ի տարբերություն հարթ, ամուր գծերի[3]։ Կտավում պատկերված են երեք կին։ Ձախ կողմում Բոչչոնիի մայրն է՝ Սեսիլիան, աջ կողմում քույրն է՝ Ամելիան, կենտրոնում՝ նկարչի սիրելին՝ Ինեսը[4][5]։
Երեք կանայք | |
---|---|
տեսակ | գեղանկար |
նկարիչ | Ումբերտո Բոչոնի |
տարի | 1909 և 1910 |
բարձրություն | 180 սանտիմետր |
ժանր | դիմապատկեր |
նյութ | յուղաներկ և կտավ |
հավաքածու | անհայտ |
Ծանոթագրություններ | |
Three Women (Boccioni) Վիքիպահեստում |
Ումբերտո Բոչչոնին ծնվել է 1892 թվականի հոկտեմբերի 19-ին Ռեջիո դի Կալաբրիաում[6]։ Հայրը եղել է ցածր պաշտոն զբաղեցնող պետական պաշտոնյա և ընտանիքը շարունակ տեղափովել է քաղաքից քաղաք, Ֆորլիից Ռոմանիա, Ջենովա, Պադովա, Կատանիա (Սիցիլիա կղզի)[7]։ Բոչչոնին սովորել է Հռոմի գեղարվեստի ակադեմիայում, նկարել է Scuola Libera del Nudo-ում[7][8]։ Դեռևս վաղ տարիքում Բոչչոնին հայտնի է դարձել դիվիզիոնիզմից ֆուտուրիզմի արմատական անցմամբ։
Ումբերտո Բոչչոնիին դիվիզիոնիզմ ոճին ծանոթացրել է արվեստի ուսուցիչ Ջակոմո Բալլան[9]։ Ըստ գերմանական Deutsche Bank-ի և Սողոմոն Գուգենհայմ հիմնադրամի՝ Հյուսիսային Իտալիայում 1880-ական թվականների վերջում առաջացած դիվիզիոնիզմը «գունանյութերի վրձնահարվածների համադրությամբ ինտենսիվ ամբողջական գույներ ստանալու նկարչական մեթոդ է»[10]։ Այդ անհատական վրձնահարվածները կտավի մակերեսին հիշեցնում էին թելիկանման շարաններ[11]։ Դիվիզիոնիստները հավատում էին իրենց կտավներում լուսատվության աճին[11]։ Դիվիզիոնիզմից ֆուտուրիզմի անցման ժամանակահատվածում Բոչչոնին փորձում էր փոխել իր նախաֆուտուրիստական արվեստի թեմաները, քանի որ դիվիզիոնիզմը պատկերում էր գյուղական աշխատուժը, հանգստությունը, գեղեցկությունը, բնապատկերները։ Երբ Բոչչոնին սկսեց նկարել ֆուտուրիստական կտավներ, այդ թվում արդյունաբերական տեսարաններ, ուրբանիստական արդիականություն, անցումն այդքան էլ հարթ չէր[12]։ Իտալական դիվիզիոնիզմն օգտագործում է մի շարք սպեկտրալ գույներ՝ ներկը կիրառելով զանազան կետերով և հարվածներով[11]։ Սակայն յուրաքանչյուր նկարչի մոտ դիվիզիոնիզմը տարբեր է, և ուղեցուցներ չկան։ 1909-1910 թվականներին Բոչչոնին երբեմն հանդիպում էր ֆուտուրիստ Ֆիլիպո Տոմասո Մարինետիին[13], և նրանք Կառլո Կառայի, Լուիջի Ռուսոլոյի, Ջակոմո Բալլայի և Ջինո Սևերինի հետ միասին որոշեցին ստեղծել Ֆուտուրիստ նկարիչների տեխնիկական մանիֆեստը (The Technical Manifesto of Futurist Painters)[14], որը նկարագրում է ֆուտուրիզմի տեսությունները, ինչպես նաև ֆուտուրիստական կտավների ուղեցույց է[14]։
«Երեք կանայք» ստեղծագործությունը Ումբերտո Բոչչոնիի այն կտավներից մեկն է, որն արտացոլում է նրա դիվիզիոնիզմ ոճից ֆուտուրիզմի անցումը։ Այս կտավում պատկերված են հանդարտ, մտերմիկ, սառը զգացմունքներ[15]։ Կտավի հերոսների դեմքին տխրության երանգներ կան։ Չնայած, որ նկարը համարվում է դիվիզիոնիզմ ոճի, այստեղ կան ֆուտուրիզմի տարրեր. լույսի սենյակ սողոսկելը, դրա ազդեցությունը կերպարների վրա, որոնք և դիվիզիոնիզմի, և ֆուտուրիզմի տարրեր են պարունակում[15]։ Ֆուտուրիզմի բնորոշ տարրերից է նաև վրձնահարվածների զանազանությունն ու տեսանելիությունը։ Այս տեսանկյունից ֆուտուրիզմի տարրերը կտավում ակնհայտ են, որը նկատելի են դարձնում կանանց հագուստը, մազերը, կտավի լուսարձակումը, հետևի ֆոնի պատերը, անկողինը, կանանց դեմքն ու մաշկը[16]։
Բոչչոնիի «Երեք կանայք» ստեղծագործության կարևորությունը ոչ թե ինքնին կտավն է, այլ, ինչպես Կոենն է նշում «այն արտացոլում է անցում, այն կամուրջ է Միլանի արվարձաններից դեպի «Քաղաքը բարձրանում է» (La città che sale) կտավի իդեալիստական տեսլական»[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.