Երկրաշարժի կանխատեսում
From Wikipedia, the free encyclopedia
Երկրաշարժի կանխատեսումը ենթադրություն է, որ որոշակի մագնիտուդով երկրաշարժ տեղի կունենա որոշակի վայրում որոշակի ժամանակում (կամ որոշակի ժամանակային միջակայքում)։ Չնայած սեյսմոլոգների զգալի հետազոտական ջանքերին, առայժմ հնարավոր չէ նման կանխատեսում տալ մեկ օրվա կամ ամսվա ճշտությամբ[1] և հասնել նրան, որ կանխված կորուստները հետևողականորեն գերազանցեն կեղծ ահազանգերի տնտեսական վնասը։
Երկրաշարժերից վնասները նվազագույնի հասցնել հնարավոր չէ, խնդիրը լուծելը բարդ է և մեծ գումարներ է պահանջում։ Ամենից հաճախ ֆինանսի ձեռքբերման հնարավորությունը, որն անհրաժեշտ է հետազոտություններ կատարելու համար, որոշվում է օբյեկտի կարևորությամբ և ռիսկի մակարդակով, որը կարելի է ընդունելի համարել դրա ոչնչացման դեպքում։ Որքան շատ գիտնականները իմանան երկրաշարժերի մասին, այնքան ավելի շատ հնարավորություններ կունենան նվազեցնելու դրանց պատճառած վնասները։ Ուսումնասիրման համար նախատեսված գործիքները կազմված են հատուկ քարտեզների տեսքով, որոնք ցույց են տալիս սեյսմիկ վտանգի տարածական-ժամանակային բաշխումը կամ ցնցումների ամենահավանական ուժը։ Այս քարտեզները կառուցված են արդեն տեղի ունեցած երկրաշարժերի մասին տեղեկույթի հիման վրա։ Ըստ այդմ՝ որքան շատ լինեն դրանց մասին տվյալները, այնքան ավելի բարձր կլինի կանխատեսման ճշգրտությունը։ Այնուամենայնիվ, միշտ չէ, որ տեղեկություններ կան երկրաշարժերի մասին, ոչ թե այն պատճառով, որ դրանք տեղի չեն ունեցել, այլ այն պատճառով, որ գործիքային սեյսմիկ դիտարկումներ են իրականացվել միայն վերջին հարյուր տարվա ընթացքում, և չկան ստույգ տվյալներ երկրաշարժերի պարամետրերի վերաբերյալ (էպիկենտրոնի կոորդինատներ, կիզակետային խորություն, հզորություն) նախորդ ժամանակաշրջանի համար[2]։
Գիտնականները դեռևս չգիտեն երկրաշարժերի հետ կապված ֆիզիկական պրոցեսների բոլոր մանրամասները և այն մեթոդները, որոնցով հնարավոր է դրանք ճշգրիտ կանխատեսել։ Մի շարք երևույթներ այժմ համարվում են երկրաշարժերի հավանական նախադրյալներ՝ իոնոլորտի փոփոխություններ, էլեկտրամագնիսական տարբեր տիպի ցուցիչներ, այդ թվում՝ ինֆրակարմիր ճառագայթներ, ռադիոալիքներ, ռադոնի արտանետումներ, կենդանիների տարօրինակ վարքագիծ։
Երկարաժամկետ կանխատեսումներում (տարիներ կամ տասնամյակներ) հաջողության հասնելը շատ ավելի հավանական է, քան ամսական ճշգրտությամբ կանխատեսման հասնելը։ Ճշգրիտ կարճաժամկետ կանխատեսումներ (ժամերից օրեր) այս պահին հնարավոր չէ։