Երևանի ավագանու ընտրություններ 2023
From Wikipedia, the free encyclopedia
Երևանի ավագանու ընտրություններ 2023, Երևան քաղաքի ավագանու հերթական ընտրություններն են, որոնք տեղի են ունեցել 2023 թվականի սեպտեմբերի 17-ին[1]։ Երևանի ավագանու թվով հինգերորդ ընտրություններն են։ Ընտրություններին գրանցվել են 14 քաղաքական ուժ՝ 13 կուսակցություն և 1 դաշինք։
Երևանի 824250 ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներից միայն 234553 կամ 28,43%-ն է մասնակցել քվեարկությանը, ինչը երբևէ գրանցված ամենացածր ցուցանիշն է։
Արդյունքում Տիգրան Ավինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 65 մանդատներից 24-ը՝ ձայների 33%-ով՝ կորցնելով նախկին ընտրությունների համեմատ բացարձակ մեծամասնությունը։ Երկրորդ տեղում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած «Ազգային առաջընթաց» կուսակցությունը՝ 14 մանդատ և ձայների 19%։ Անդրանիկ Թևանյանի գլխավորած «Մայր Հայաստան» դաշինքը ստացել է ձայների 15% և 12 մանդատ։ «Հանրապետություն» կուսակցությունը Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ ստացել է 11% և 8 մանդատ։ Արտակ Գալստյանի գլխավորած «Հանրային ձայն» կուսակցությունը ստացել է ձայների 10%-ը և 7 մանդատ։