Զանգվածային լրատվության միջոցներ
From Wikipedia, the free encyclopedia
Զանգվածային լրատվության միջոցները[1] լրատվական տեխնոլոգիաների ամբողջություն է, որը, զանգվածային հաղորդակցության շնորհիվ, ունի մեծ լսարան։ Տեխնոլոգիաները, որոնց միջոցով տեղի է ունենում այս հաղորդակցությունը, ներառում են զանազան միջոցներ։
Հեռարձակող մեդիան տեղեկատվությունը հաղորդում է էլեկտրոնային եղանակով, այնպիսի միջոցներով, ինչպիսիք են՝ ֆիլմը, ռադիոն, երաժշտությունը կամ հեռուստատեսությունը։ Թվային մեդիան ներառում է և՛ համացանցը, և' հեռախոսային զանգվածային հաղորդակցությունը։ Համացանցային մեդիան ներառում է այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են` էլեկտրոնային հասցեն, սոցիալական մեդիայի կայքերը և համացանցի միջոցով գործող ռադիոն և հեռուստատեսությունը։ Մի շարք այլ զանգվածային հաղորդակցության միջոցներ ցանցում ունեն հավելյալ ներկայություն այնպիսի միջոցներով, ինչպիսիք են`օնլայն հեռուստատեսային գովազդները, QR կոդերը, որոնք ուղղորդում են հեռախոսից օգտվողներին դեպի վեբկայք։ Այս կերպ, նրանք կարող են օգտվել հեշտ հասանելիությունից և այն բոլոր հնարավորություններից, որոնք առաջարկում է համացանցը։ Վերջինիս միջոցով հեշտորեն հեռարձակվում է տեղեկատվությունը աշխարհի տարբեր շրջաններում`միաժամանակ և մատչելի։ Արտաքին մեդիան տեղեկատվությունը փոխանցում է այնպիսի միջոցներով, ինչպիսիք են` հավելյալ գովազդը, ազդապաստառները կամ կրպակները, երկնային գրությունները[2], որոնք գտնվում են ավտոբուսներից դուրս կամ ներս, առևտրային կառույցներում, վաճառակետերում, սպորտային ստադիոններում, գնանցքներում, մեքենաներում։ Տպագիր մեդիան տեղեկատվությունը փոխանցում է այնպիսի ֆիզիկական օբյեկտների միջոցով, ինչպիսիք են`գրքերը, կոմիքսները, ամսագրերը, թերթերը կամ բրոշյուրները[3]։ Իրադարձությունների կազմակերպումը և հանրային ճառը ևս կարող են համարվել որպես զանգվածային լրատվության ձևեր[4]։ Մի շարք կազմակերպություններ, ինչպես օրինակ` կինոստուդիաները, հրատարակչությունները, ռադիո և հեռուստատեսային կայանները, որոնք վերահսկում են այս տեխնոլոգիաները, հայտնի են նաև որպես զանգվածային լրատվամիջոցներ[5][6]։