![cover image](https://wikiwandv2-19431.kxcdn.com/_next/image?url=https://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bf/EdgarAllanPoeGrave.jpg/640px-EdgarAllanPoeGrave.jpg&w=640&q=50)
Էդգար Ալլան Պոյի մահը
From Wikipedia, the free encyclopedia
Էգդար Ալլան Պոյի՝ 1849 թվականի հոկտեմբերի 7-ի մահվան պայմանները մինչև այսօր մնում են չբացահայտված, ինչպես նաև չկա ոչ մի տեղեկություն գրողի մահվան պատճառների վերաբերյալ:
![Thumb image](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/b/bf/EdgarAllanPoeGrave.jpg/640px-EdgarAllanPoeGrave.jpg)
Հոկտեմբերի 3-ին Էդգար Պոյին գտնում են ցնորական վիճակում՝ Բալթիմորի (Մերիլենդ) փողոցային նստարանին պառկած։ Գրողին հայտնաբերած Ջոզեֆ Ուոկերի խոսքերով «նրա վիճակը աղետալի էր, նա անհապաղ օգնության կարիք ուներ»[1]։ Նրան հասցնում են Church Home and Hospital[en] հիվանդանոց, որտեղ նա մահանում է հոկտեմբերի 7-ին՝ կիրակի օրը առավոտյան ժամը 5-ին։ Էդգարը այդպես էլ ուշքի չեկավ, որպեսզի իր նման վիճակի մասին որևէ բացատրություն տա։
Պոյի կյանքի վերջին օրերի մասին տեղեկություններ գիտեր նրա բժիշկը՝ Ջոն Մորանը, սակայն այդ տեղեկության ճշմարտացիությունը մնում է կասկածի տակ [2]: Ոչ մեծ արարողությունից հետո Պոն թաղվեց Բալթիմորում Westminster Hall and Burying Ground[en] գերեզմանատանը։ 1875 թվականին նրա մնացորդները վերաթաղվեցին ավելի ազդեցիկ մահարձանի տակ
Բալթիմորում։ Կասկած առաջացրեց նաև դիակը շիրիմից հանելուց հետո մնացորդների պատկանելիությունը։ 1875 թվականի հուշարձանի վրա նշված է, որ դրա տակ թաղված են նաև գրողի կինը՝ Վիրջինյա Քլեմինը և զոքանչը՝ Մարիա Քլեմինը։ Առաջացել են մի քանի տեսակետներ Պոյի մահվան հետ կապված. ինքնասպանություն, սպանություն, խոլերա, սիֆիլիս, գրիպ, ինչպես նաև ալկոհոլային թունավորում։
Պոյի մահից հետո Ռուֆուս Ուիլմոթ Գրիզվոլդը Լյուդվիգ մականվան տակ գրեց մահախոսական։ Նա դարձավ Պոյի գրական կտակակատարը, բայց իրականում հանդիսանում էր նրա թշնամին և հետագայում հրապարակեց Էդգար Պոյի առաջին կենսագրականը, որտեղ նրան նկարագրում էր որպես անբարոյական, հարբեցող և թմրամոլ մի խենթ։ Գրիզվոլդի կողմից բերված ապացույցներից մեծամասնությունը, ըստ գրողի ընկերների, եղել են նրա երևակայության արդյունքը։ Նրանք ամբողջովին հերքում էին այդ մեղադրանքները, բայց իրադարձությունների նման մեկնաբանությունը ունեցավ բավականին երկար ազդեցություն[3]։