Էդմունդ Հուսերլ
From Wikipedia, the free encyclopedia
Էդմունդ Հուսերլ (գերմ.՝ Edmund Husserl, ապրիլի 8, 1859(1859-04-08)[1][2][3][…], Պրոստեյով[4][5] - ապրիլի 27, 1938(1938-04-27)[2][3][6][…], Ֆրայբուրգ իմ Բրայսգաու, Բադեն-Վյուրթեմբերգ[7]), գերմանացի փիլիսոփա (ծագումով հրեա), ֆենոմենոլոգիայի փիլիսոփայական ուղղության հիմնադիր։ Իր դասախոսական գործունեության և բազմաթիվ աշխատությունների շնորհիվ նշանակալից ազդեցություն է գործել գերմանական և արևմտյան փիլիսոփայության և, մասնավորապես, էքզիստենցիալիզմի առաջացման և զարգացման վրա։
Ֆ. Բրենտանոյի և Կ. Շտումպֆի աշակերտը, կրել է նաև Բ. Բոչցանոյի, նեոկանտականության ազդեցությունը։ Հուսեռլը հանդես է եկել տրամաբանության մեջ պսիխոլոգիզմի քննադատությամբ, նրա տեսական ծրագիրն էր՝ փիլիսոփայությունը դարձնել խստիվ գիտություն («Տրամաբանական հետազոտություններ»), գիտություն գիտակցության ֆենոմենների մասին՝ ֆենոմենոլոգիա։ Ֆենոմենոլոգիան Հուսերլը համարում է գիտություն մաքուր գիտակցության (ինտենցիոնալ ակտերի) մասին։ Փիլիսոփայության հիմնական հարցի լուծման մեջ հավակնելով չեզոքության՝ Հուսերլն առաջարկել է ֆենոմենոլոգիայից բացառել «կեցության մասին դրույթը»։ Վերացական գաղափարներին համապատասխանող առարկաները, մասնավորապես մատերիական օբյեկտները, համարել է այնպիսի էություններ, որոնք օժտված չեն առանձին կոնկրետ առարկաների նման գոյությամբ, բայց ունեն մարդկային ճանաչողությունից անկախ նշանակություն՝ օբյեկտիվ են։ Այսպիսով, սուբյեկտիվիստական մոտիվները Հուսերլը համակցել է օբյեկտիվ-իդեալիստականի հետ։ Իր վերջին աշխատություններից մեկում («Եվրոպական գիտությունների ճգնաժամը և տրանսցենդենտալ ֆենոմենոլոգիան») Հուսերլն իր ժամանակի Եվրոպայի հոգևոր իրավիճակը դիտում է որպես ճգնաժամային՝ այն կապելով եվրոպական մշակույթին հատուկ սցիենտիզմի և, ընդհանրապես, նատուրալիստական-պոզիտիվիստական մտածելակերպի հետ։ Հուսերլն ազդել է արդի բուրժուական փիլիսոփայության վրա։ Ֆենոմենոլոգիան Էկզիստենցիալիզմի սկզբնաղբյուրներից մեկն է։ Հուսերլի փիլիսոփայությունը բուրժուական փիլիսոփայության մտքի ճգնաժամի արտահայտությունն է։