From Wikipedia, the free encyclopedia
Էլեն Նյուբոլդ Լա Մոտ (Լամոտ, անգլ.՝ Ellen Newbold La Motte, 1873[1][2][3][…], Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ - 1961[1][2][3][…] կամ մարտի 2, 1961[4][6]), ամերիկացի բուժքույր, լրագրող և վավերագրական արձակի հեղինակ։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Բելգիայում եղել է ֆրանսիական հոսպիտալի բուժքույր։ Իր փորձի մասին գրել է «The Backwash of War» (1916) պացիֆիստական ստեղծագործության մեջ[7]։ Լա Մոտը գրել է մի քանի գրքեր և հոդվածներ պատերազմի ժամանակ իր բուժքույրական գործի ու փորձի մասին։ Եղել է ափիոնի թմրավաճառության խնդրով մասնագետ և խորհրդատվություն է իրականացրել Ազգերի լիգայում։ Այդ աշխատանքի համար Չինաստանի ազգայնական կառավարության կողմից պարգևատրվել է հուշամեդալով (1930)։ Ճապոնական Կարմիր խաչից, որի հատուկ անդամն էր Լա Մոտը, Կարմիր խաչին ծառայությունների համար ստացել է շքանշան[6]։
Էլեն Նյուբոլդ Լա Մոտ անգլ.՝ Ellen Newbold La Motte | |
---|---|
Ծնվել է | 1873[1][2][3][…] |
Ծննդավայր | Լուիսվիլ, Կենտուկի, ԱՄՆ |
Մահացել է | 1961[1][2][3][…] կամ մարտի 2, 1961[4] |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | բուժքույր, լրագրող, գրող, հրապարակախոս և սուֆրաժիստ |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Կանանց ընտրության իրավունքի ամերիկյան ազգային ասոցիացիա[5] |
Ellen Newbold La Motte Վիքիպահեստում |
Էլեն Նյուբոլդ Լա Մոտը ծնվել է Կենտուկի նահանգի Լուիսվիլ քաղաքում։ Դեռահասության շրջանում տեղափոխվել է ապրելու Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաք՝ հարուստ ազգականների՝ ձեռնարկատեր Ալֆրեդ Իրեն Դյուպոնի (1864-1935) ընտանիք։ Դյուպոնը Պիեռ Սամյուել Դյուպոն դե Նեմուրի[8]՝ DuPont ընկերության նախագահի ծոռն էր, որը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ դարձել է ռազմամթերի ամենախոշոր արտադրողը[9][10]։ Լա Մոտը Ալֆրեդ Դյուպոնին ազգական էր գալիս[11][12]։ 1899 թվականին՝ 24 տարեկանում, Լա Մոտը Բալթիմորում ընդունվել է Ջոնս Հոփքինսի համալսարանի քույրական գործի հատուկ դպրոց (անգլ.՝ Johns Hopkins Training School for Nurses)։ 1902 թվականին դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Բալթիմորի Ջոնս Հոփքինսի հոսպիտալում որպես ավագ բուժքույր։ 1904-1905 թվականներին եղել է Միսսուրի նահանգի Սենթ Լուիս քաղաքի Սուրբ Լուկայի հոսպիտալի կառավարչի օգնական։ 1905-1910 թվականներին տուբերլուլյոզով հիվանդների բուժքույր է աշխատել Բալթիմորի Instructive Visiting Nurses Association-ում։ 1910-1913 թվականներին եղել է Բալթիմորի տուբերլուլյոզով հիվանդների ստորաբաժանման վարիչ։ Տասնյակ հոդվածներ է հրապարակել հանդեսներում՝ նվիրված բուժքույրական գործին և սոցիալական բարեփոխումներին, ինչպես նաև բազմիցս ճառերով հանդես է եկել տեղական, շրջանային և ազգային ժողովների ժամանակ։ Եղել է սուֆրաժիստական շարժման ակտիվիստ[13], 1912 թվականի հունիսին Բալթիմորում Դեմոկրատական կուսակցության ազգային համաձայնագրի ժամանակ սուֆրաժիստների մեծ երթի գլխավոր կարգադրող (chief marshal)[14]։ 1913 թվականին մասնակցել է բրիտանական սուֆրաժիստական շարժմանը, որի առաջնորդը եղել է Էմմելին Պանկհյորսթը։ Ըստ The Baltimore Sun-ի՝ հարել է սոցիալիստական և անարխիստական հայացքների։ 1913 թվականի աշնանը տեղափոխվել է Փարիզ։ Այդտեղ նա դասագիրք է գրել տուբերկուլյոզով հիվանդների խնամքի մասին՝ The Tuberculosis Nurse (1914) և ընկերացել է Գերտրուդ Սթայնի հետ[10]։
1914 թվականի օգոստոսին՝ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Լա Մոտը եղել է առաջին կամավոր գրանցվածներից մեկը, իսկ 1914-1916 թվականներին Փարիզում աշխատել է American Ambulance Service-ում (Շտապ օգնության ամերիկյան ծառայություն)։ Պատերազմի առաջին ձմռանը Լա Մոտը մտերմացել է Էմիլի Քրեյն Չադբորնի հետ (անգլ.՝ Emily Rockwell Crane Chadbourne, 1871), որն արվեստի հավաքորդ էր, Ռիչարդ Քրեյնի դուստրը, Չիկագոյի «Քրեյն քոմփանիի» (անգլ.՝ Crane Co.) հիմնադիրը, Չառլզ Քրեյնի քույրը[11] և փաստաբան Թոմաս Լինքոլն Չադբորնի նախկին կինը։ Ապրում էր Փարիզում և որի հետ Լա Մոտը որպես զույգ եղել է մինչև կյանքի վերջը։ Լա Մոտը ցանկացել է ռազմաճակատի քույր լինել, ծանոթացել է Մերի Բորդեն Թյորների հետ, որը տնօրինում էր ճակատային հոսպիտալները։ Լա Մոտը մի քանի ամսի եղել է Բելգիայում Արևմտյան ռազմաճակատի մոտ գտնող ֆրանսիական ռազմական հոսպիտալի բուժքույր[6][8][10]։ Ռազմաճակատից Փարիզ վերադառնալուց հետո նա նկարագրել է իր պատերազմական փորձը տասներեք պատմվածքներից բաղկացած The Backwash of War («Պատերազմի հետքը») ժողովածուի մեջ[6], որը հրատարակվել է 1916 թվականի սեպտեմբերին[9]։ «Women and Wives» (Կանայք և տիկնայք) պատմվածքում Լա Մոտը բացատրում է, որ ռազմական գործողությունների տարածքում ֆրանսիացի զինվորականները ամուսնացած կանանց չէին թողնում, սակայն այլ կանանց թողնում էին, որոնք կարող էին «ուրախացնել և գոտեպնդել» զինվորներին («cheer and refresh the troops»)։ Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում գիրքն արագորեն արգելել են։ ԱՄՆ-ում Լա Մոտի գիրքը վերահրատարակվել է մի քանի անգամ։ The New York Times-ը 1916 թվականի հոկտեմբերի 15-ին հաղորդել է, որ նրա պատմվածքները «պատմվել են կտրուկ, արագ արտահայտություններով», որոնք ոչ մի նմանություն չունեին սովորական «գրական ոճի հետ» և «խիստ ու կտրուկ շշպռել են պատերազմին»[15]։ The Masses հանդեսի քննադատը 1917 թվականի հունվարին գիրքը հայտարարել է «անմահ», պատերազմի մասին ամենանշանակալի աշխատանքներից մեկը։ 1917 թվականի ապրիլի 6-ին ԱՄՆ-ն սկսել է մասնակցել Առաջին համաշխարհային պատերազմին։ 1918 թվականի օգոստոսին ԱՄՆ կառավարությունը Լա Մոտի գիրքը ենթարկել է գրաքննության[10]։ Հոսպիտալում աշխատանքի ռեալիստական նկարագրությունը վտանգավոր է ճանաչվել ռազմական ժամանակ բարոյահոգեբանական վիճակի վրա։ Գիրքը վերահրատարակվել է 1934 թվականին[7][9]։
Սինտյա Վախտելը (Cynthia Wachtell) կարծել է, որ Լա Մոտի ոճը բավականին ազդել է Էռնեստ Հեմինգուեյի վրա Գերտրուդ Սթայնի միջոցով, որի հետ Լա Մոտն ընկերություն էր անում։ Լա Մոտը և Սթայնը միջին տարիքի երկու ամերիկուհիներ էին՝ գրողներ և լեսբիներ, դեռևս պատերազմի սկզբից։ Նրանց ընկերությունն ամրացել էր հակամարտության առաջին ձմռանը, երբ երկուսն էլ ապրում էին Փարիզում։ Թեպետ երկուսն էլ ունեին զուգընկերներ, Սթայնն ամենայն հավանականությամբ սիրահարվել է Լա Մոտին։ 1915 թվականի սկզբին նա նույնիսկ «փոքրիկ վիպակ» է գրել Լա Մոտի մասին «Ինչպե՞ս կարող էին նրանք ամուսնանալ նրա հետ» (How Could They Marry Her?) վերնագրով[8]։ Սթայնն ունեցել է The Backwash of War գրքի իր անձնական օրինակը, որը ներկայումս պահվում է Եյլի համալսարանում։ The Backwash of War ժողովածուի պատմվածքները գրված են Հեմինգուեյի ոճով՝ նրա «Հրաժեշտ զենքին» վեպի ստեղծումից դեռ շատ առաջ, որը հրատարակվել է 1929 թվականին։ Սինտյա Վախտելը նմանություն է գտել Լա Մոտի Alone («Միայնակ») պատմվածքի և 1925 թվականին Հեմինգուեյի հրատարակած «Մեր ժամանակներում» ժողովածուի պատմվածքներից մեկի միջև[15]։
1916 թվականին Լա Մոտը Էմիլի Քրեյն Չադբորնի հետ լքել է Եվրոպան, որպեսզի ճանապարհորդի Աֆրիկայում և Ասիայում[8]՝ ներառյալ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբան և Կամբոջայի ջունգլիները[9]։ 1917 թվականի օգոստոսի 26-ին Տոկիոյից Չինաստան ուղևորված SS Tenyo Maru լայների վրա Լա Մոտը և Էմիլի Քրեյն Չադբորնը ծանոթանում են հնդիկ գիտնական Տարակնատ Դասի հետ[11], որը նրանց է տվել Isolation of Japan in World Politics գրքի ձեռագիրը՝ Նյու Յորքում հրատարակելու համար[12]։ Անգլիացի գրող Իվլին Վոն, 1930 թվականին հանդիպելով Լա Մոտին և Էմիլի Քրեյն Չադբորնին Եթովպիայում, նրանց անվանել է «երկու ահեղ տիկնայք», որոնց «երկարատև շփումը սարքել էր... գրեթե անբաժանելի»[10]։
1919-1934 թվականներին Լա Մոտը գրել է վեց գիրք և տասնյակ հոդվածներ ափիոնի[8] և գաղութացման[9] վաճառքի դեմ, նա գլխավորել է ափիոնի դեմ միջազգային ընկերությունը, ճանաչված հեղինակություն է եղել ափիոնի անօրինական շրջանառության խնդրով և խորհրդատվություն է անցկացրել Ազգերի լիգայում[10]։ 1930 թվականին այդ աշխատանքի համար Չինաստանի ազգայնական կառավարության կողմից պարգևատրվել է հուշամեդալով։
1940-1950-ական թվականներին ԱՄՆ-ի ֆոնդային բորսայում աշխատել է ավելի քան 1 միլիոն դոլլար։ 1959 թվականին 85 տարեկանում կարևոր դեր է խաղացել «Քրեյն քոմփնիի» վերածնման գործում, որը հիմնել էր հայրը[10]։
Մահացել է 1961 թվականին։ «Նյու Յորք Թայմս»-ի հրապարակած մահախոսականում անվանվել է «ամերիկացի ամենաառաջին բուժքույրերից մեկը», որ եղել է Առաջին համաշխարհային պատերազմի դաշտում[9]։
Ջոնս Հոփքինսի համալսարանի Ալան Մեսոն Չեսնիի բժշկական արխիվում (The Alan Mason Chesney Archives) պահվում են Լա Մոտի հրապարակումները The Atlantic Monthly և Harper’s Magazine հանդեսներում, ինչպես նաև նամակները, որոնք Լա Մոտը գրել է 1911 թվականի դեկտեմբերից մինչև 1916 թվականի օգոստոսը Գերմանիայի իր մտերիմ ընկերուհի Էմի Վեսելհոֆտին (Amy Wesselhoeft)՝ մանկավարժ Ռոբերտ ֆոն Էրդբերգի կնոջը[6]։
2019 թվականին Ջոնս Հոփքինսի համալսարանի հրատարակչությունը (Johns Hopkins University Press) Լա Մոտի The Backwash of War[16] գրքի ընդլայնված հրատարակության ժամանակ հրապարակել է նրա կենսագրությունը, որը գրել է Սինտյա Վախտելը (Cynthia Wachtell)[9]։
Լա Մոտի The Backwash of War գիրքը 2009 թվականին հոլանդերեն է թարգմանել Էրվին Մորտյեն[17]։
Լա Մոտի աշխատանքները ներառում են[6]՝
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.