Էմիլ Դիլոն
From Wikipedia, the free encyclopedia
Էմիլ Դիլոն (Dillon) (մարտի 21, 1854(1854-03-21)[1], Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունիսի 9, 1933(1933-06-09)[1], Բարսելոնա, Իսպանիա), իռլանդացի գիտնական ու լրագրող, արևելյան լեզուների և համեմատական լեզվաբանության մասնագետ։ 1880-ական թվականների սկզբին աշխատել է Ռուսաստանում՝ Պետերբուրգի, ապա Խարկովի համալսարաններում։ Ուսումնասիրել է հայոց լեզուն ու գրականությունը, պարապել Վենետիկի Մխիթարյան միաբանությունում։ Գրել է հայոց լեզվին նվիրված մի շարք աշխատություններ, թարգմանել հին հայկական սկզբնաղբյուրներ։ 1895 թվականին, որպես Լոնդոնի «Դեյլի թելեգրաֆ» թերթի թղթակից, եղել է Թուրքիայում, այցելել Արևմտյան Հայաստան՝ այնտեղի իրադարձությունները լուսաբանելու համար։
Էմիլ Դիլոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 21, 1854(1854-03-21)[1] Դուբլին, Իռլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | հունիսի 9, 1933(1933-06-09)[1] (79 տարեկան) Բարսելոնա, Իսպանիա |
Մասնագիտություն | լեզվաբան և լրագրող |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[2][3][3], ֆրանսերեն[3][3] և գերմաներեն[3][3] |
Emile Joseph Dillon Վիքիպահեստում |
Չնայած թուրքական իշխանությունների հարուցած դժվարություններին, հավաքել է մեծ քանակությամբ արժանահավատ տեղեկություններ, որոնք վկայում են թուրքական կառավարող շրջանների մեղավորությունը հայ բնակչության զանգվածային ջարդերում։ Այդ տվյալների հիման վրա գրել է հայկական հարցին վերաբերող հոդվածաշար, որը տպագրվել է անգլերեն մամուլում։ «Հայաստանը և հայ ժողովուրդը» (1890), «Իրադրությունը Հայաստանում» (1895), «Հայաստան. դիմում» (1896), «Ձախողում Հայաստանում» (1896) և այլ հոդվածներ անգլերենով ընթերցողին ծանոթացնում են հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին, փաստական հարուստ նյութ պարունակում թուրքական կառավարության 19-րդ դարի 90-ական թվականների հակահայկական քաղաքականության մասին, դրանցում տրվել է նաև եվրոպական տերությունների, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայի ու Ռուսաստանի հայկական հարցում վարած քաղաքականության վերլուծությունը։ Դիլոնի հրապարակումներում արտահայտվել է անգլիական հասարակական շրջաններում ժամանակին լայն տարածում գտած այն կարծիքը, թե թուրքական լծից հայերի ազատագրման համար անհրաժեշտ է Ռուսաստանին իրավունք տալ գրավել արևմտյան Հայաստանը։
Դիլոնը գրում է, որ Մեծ Բրիտանիան, աչք փակելով հայ ժողովրդի նկատմամբ «թուրքական դաժանությունների» վրա, դրանով խրախուսել է զանգվածային ջարդեր կազմակերպելուն։ Նրա կարծիքով հայերը դարձել են Մեծ Բրիտանիայի շահադիտական քաղաքականության «անմեղ զոհը»։