Թարախակույտ
From Wikipedia, the free encyclopedia
Թարախակույտ (աբսցես), մարմնի հյուսվածքներում թարախի կուտակում[1]։ Թարախակույտի նշաններն ու ախտանիշները ներառում են կարմրություն, ցավ, տաքություն և ուռածություն (այտուց)[1]։ Աբսցեսը կարող է թողնել հեղուկով լցված պարկի տպավորություն[1]։ Կարմրության մակերեսը հաճախ դուրս է գալիս այտուցվածության շրջանից[2]։ Կարբունկուլները և ֆուրունկուլները (թարախաբշտիկներ) թարախակույտի տեսակ են, որոնք հաճախ ներառում են մազարմատները, այն տարբերությամբ, որ կարբունկուլներն ավելի մեծ են[3]։
Թարախակույտ | |
---|---|
Տեսակ | վարակիչ հիվանդություն և ախտանիշ կամ նշան |
Հիվանդության ախտանշաններ | կարմրություն, ցավ, այտուց և ընդհատվող տենդ |
Բուժաքննություն | ուլտրաձայնային հետազոտություն և CT |
Բժշկական մասնագիտություն | մաշկաբանություն, ընդհանուր վիրաբուժություն և վարակաբանություն |
ՀՄԴ-9 | 682.9 և 324.1 |
ՀՄԴ-10 | L02 |
Abscesses Վիքիպահեստում |
Որպես կանոն, թարախակույտի պատճառ է հանդիսանում բակտերիալ վարակը[4]։ Հաճախ դրան մասնակցում են տարբեր տեսակի մանրէներ[2]։ ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում առավել տարածված հարուցիչը մեթիցիլին-կայուն ոսկեգույն ստաֆիլոկոկն է[1]։ Թարախակույտի պատճառ երբեմն կարող են հանդիսանալ նաև մակաբույծները, ինչն առավել տարածված է զարգացող երկրներում[5]։ Մաշկի թարախակույտի ախտորոշումը սովորաբար հիմնվում է միայն կլինիկական պատկերի (արտաքին տեսքի) վրա և հաստատվում դրա հատումից հետո[1]։ Այն դեպքերում, երբ ախտորոշումը հստակ չէ, կարող է օգտակար լինել ուլտրաձայնային հետազոտությունը[1]։ Հետանցքի շուրջ զարգացող աբսցեսների դեպքում համակարգչային շերտագրությունը (ՀՇ, ԿՏ) կարող է կարևոր դեր խաղալ ավելի խորանիստ վարակի հայտնաբերման գործում[5]։
Մաշկի կամ փափուկ հյուսվածքների թարախակույտերի մեծ մասի ստանդարտ բուժումը դրանց հատումն ու դատարկումն է (դրենավորում)[6]։ Ըստ երևույթին, առկա է նաև որոշակի օգուտ հակաբիոտիկների կիրառումից[7]։ Կան սակավաթիվ տվյալներ, որոնք վկայում են թարախակույտի դրենավորումից հետո առաջացած թարախախորշը չփակելու և պարբերական վիրակապությունների արդյունավետության մասին[1]։ Այդ խորշը բաց թողնելու փոխարեն անմիջապես դրենավորումից հետո փակելը կարող է արագացնել վերքի լավացումն առանց թարախակույտի կրկնման վտանգի բարձրացման[8]։ Թարախի արտածծումը ներարկչով հաճախ բավարար չի լինում[1]։
Մաշկի թարախակույտերը հաճախ են հանդիպում և վերջին տարիներին ավելի տարածված են դարձել[1]։ Ռիսկի գործոններից է թմրամիջոցների ներերակային ընդունումը. նմանատիպ մարդկանց շրջանում թարախակույտով հիվանդացությունը հասնում է 65%-ի[9]։ 2005 թվականին ԱՄՆ-ում 3,2 միլիոն մարդ դիմել է շտապ օգնության բաժանմունք թարախակույտի կապակցությամբ[10]։ Ավստրալիայում 2008 թվականին նույն խնդրով հոսպիտալացվել է շուրջ 13.000 մարդ[11]։