Ժան Ֆրանսուա Շամպոլյոն
From Wikipedia, the free encyclopedia
Ժան Ֆրանսուա Շամպոլյոն (ֆր.՝ Jean-François Champollion, նաև՝ Շամպոլյոն Կրտսեր (ֆր.՝ Champollion le Jeune, դեկտեմբերի 23, 1790(1790-12-23)[1][2][3][…], Ֆիլաժ, Ֆրանսիայի թագավորություն[2][4][5] - մարտի 4, 1832(1832-03-04)[1][2][3][…], Փարիզ, Հուլիսյան միապետություն[6][7][8][…]), ֆրանսիացի գիտնական, եգիպտագիտության հիմնադիրը։ Գրենոբլի (1807) և Ֆրանսիական (1830) ակադեմիաների անդամ, Պետերբուրգի ԳԱ պատվավոր անդամ (1826)։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շամպոլյոն
Տիրապետել է մի շարք հին լեզուների, այդ թվում՝ եգիպտերենին և եբրայերենին։ Ուսումնառության տարիներից զբաղվել է Եգիպտոսի հնագիտական արժեքների ուսումնասիրությամբ։ 1814 թվականին լույս է ընծայել «Եգիպտոսը փարավոնների օրոք» գիրքը։ Երկար տարիներ նվիրել է Ռոզեթյան արձանագրության ընթերցմանը և 1822 թվականին շարադրել հին եգիպտական գրի վերծանման հիմնական սկզբունքները, որոշել նրա զարգացման հաջորդականությունը՝ հիերոգլիֆային, հիերատական, դեմոտական։
1828-1830 թվականներին ղեկավարել է Եգիպտոս ուղևորվող հնագիտական արշավախումբը, այնտեղ հավաքել և պատճենահանել է մեծ քանակությամբ տեքստեր, հուշարձաններ, պատկերներ, որոնք ետմահու լույս են տեսել «Եգիպտոսի և Նուբիայի հուշարձաններ» հրատարակությամբ։
1831 թվականից ղեկավարել է Կոլեժ դը Ֆրանսի՝ հատկապես իր համար բացված եգիպտագիտության ամբիոնը։ 1835-1841 թվականներին լույս է տեսել Շամպոլյոնի «Եգիպտերենի քերականություն», 1841 - 1843 թվականներին՝ «Եգիպտերենի բառարան և հիերոգլիֆային գիր» աշխատությունները։