Իգոր Տամմ
From Wikipedia, the free encyclopedia
Իգոր Եվգենևիչ Տամմ (ռուս.՝ Игорь Евгеньевич Тамм, հուլիսի 8, 1895(1895-07-08)[1][2], Վլադիվոստոկ, Ռուսական կայսրություն[3] - ապրիլի 12, 1971(1971-04-12)[3][4][1][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[3]), խորհրդային ֆիզիկոս, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1953), Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր (1958)։
1918 թվականին ավարտել է Մոսկվայի համալսարանը։ Դասավանդել է երկրի մի շարք բուհերում (1924—1941 թվականներին և 1954 թվականից՝ Մոսկվայի համալսարանում)։ 1934 թվականից աշխատել է ԽՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստիտուտում։ Աշխատանքները վերաբերում են քվանտային մեխանիկային և դրա կիրառություներին, ճառագայթման տեսությանը, միջուկային մասնիկների փոխազդեցության և տիեզերական ճառագայթների տեսությանը, ջերմամիջուկային սինթեզին։ Մշակել է բյուրեղներում լույսի ցրման քվանտային տեսությունը, էլեկտրոններից լույսի ցրման տեսությունը, լուծել ձայնային քվանտների (ֆոնոնների) հասկացությունը։ Ստեղծել է (Սեմյոն Շուբինի հետ համատեղ) մետաղներում ֆոտոէֆեկտի քվանտամեխանիկական տեսությունը 1931 թ., կանխատեսել էլեկտրոնների հատուկ վիճակների գոյության հնարավորությունը բյուրեղների մակերևույթի վրա («Տամմի մակարդակներ»)։ 1934 թվականին առաջարկել և մաթեմատիկորեն զարգացրել է միջուկային ուժերի քանակական տեսությունը, որի սխեմայով ստեղծվել է միջուկային ուժերի արդի մեզոնային տեսությունը։ 1937 թվականին Իգոր Տամմը Իլյա Ֆրանկի հետ ստեղծել է Վավիլով-Չերենկովի էֆեկտի տեսությունը։ Մշակել է (1945 թ.) միջուկային տարրական մասնիկների փոխազդեցության բացատրության մոտավոր մեթոդ (Տամմի-Դանկովի մեթոդ)։ Ունի ջերմամիջուկային կառավարվող սինթեզի ստացման խնդրին վերաբերող կարևոր աշխատանքներ։ Ստեղծել է ֆիզիկոս-տեսաբանների դպրոց։
Պարգևատրվել է Լենինի և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով, արժանացել ԽՍՀՄ պետական մրցանակի (1946 թ., 1953 թ.), Ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի (1958 թ.)։