Իմպիչմենտ
From Wikipedia, the free encyclopedia
Պաշտոնանկություն (անգլ.՝ impeachment, inpeach՝ մեղադրել), ընթացակարգ, որով երկրի օրենսդիր մարմինը պաշտոնապես մեղադրանք է առաջադրում կառավարության բարձրագույն պաշտոնյաներին։ Պաշտոնանկությունը չի ենթադրում պաշտոնյայի պարտադիր ազատում զբաղեցրած պաշտոնից․ այն պարզապես առաջին քայլն է այդ ճանապարհին։ Անձին մեղադրելուց հետո պետք է քվեարկություն անցկացվի, որի արդյունքում միայն նա կարող է ազատվել զբաղեցրած պաշտոնից։
Քանի որ պաշտոնանկության դեպքում խաթարվում են պաշտոնատար անձի գործունեության հետ կապված սահմանադրական ընթացակարգերը (ընտրություն, նշանակում) և որովհետև այն սովորաբար մեծամասնություն է պահանջում, կիրառվում է միայն լուրջ իրավախախտումների դեպքում։ ԱՄՆ-ում, օրինակ, դաշնային մակարդակում պաշտոնանկություն կարող է կիրառվել միայն ծանր հանցագործություններ կատարած անձանց նկատմամբ։ ԱՄՆ պատմության ընթացքում պաշտոնանկության են ենթարկվել մի շարք դաշնային պաշտոնյաներ, ներառյալ 2 նախագահներ Էնդրյու Ջոնսոնը և Բիլ Քլինթոնը, մի շարք դատավորներ։ ԱՄՆ նախագահ Ռիչարդ Նիքսոնը հրաժարական տվեց մինչ պաշտոնանկության ընթացակարգը սկսելը։
Պաշտոնանկության ընթացակարգն ԱՄՆ-ում ներառում է Ներկայացուցիչների պալատում պաշտոնանկության համար քվեարկությունը մի փաստաթղթի միջոցով, որը կոչվում է պաշտոնանկության հոդվածներ։ Պաշտոնանկության ամեն մի հիմք ձևակերպվում է որպես առանձին հոդված։ Ներկայացուցիչների պալատի՝ պաշտոնանկության կողմ անդամները այնուհետև նշանակում են կառավարիչների, ովքեր Սենատում հարցի քննարկման ժամանակ պետք է հանդես գան որպես դատախազներ։ Պաշտոնանկության դատալսումները տեղի են ունենում Սենատում, և նախագսհի պաշտոնանկության ժամանակ նիստը նախագահում է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահը կամ փոխնախագահը։ Տեղի է ունենում դատավարություն, որի ընթացքում վկաները երդում են տալիս։ Պաշտպանյալն իրավունք ունի ստանալու իրավաբանական խորհրդատվություն, վկաների շրջանում անցկացնելու խաչաձև հարցաքննություն և խոսել ի պաշտպանություն իրեն։ Սենատորները ևս պետք է երդում տան, որ իրենց պարտականությունները կկատարեն ազնվորեն և բարեխղճությամբ։ Լսումը չի կարող տեղի ունենալ, եթե 50 % + 1 % քվորումն ապահովված չէ։ Լսումից հետո քննարկումները գաղտնի են լինում։ Պաշտոնից ազատումը հնարավոր է Սենատի ձայների առնվազն 2/3-ով։
Պաշտոնանկությունը ծագել է անգլիական իրավունքում, սակայն 18-րդ դարում դուրս եկավ կիրառությունից։ Մի շարք երկրներում սահմանադրական իրավունքով կարգավորվում է պաշտոնանկության ինստիտուտը․ այդպիսիք են Բրազիլիան, Իռլանդիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն։ Պաշտոնանկություն ինստիտուտն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրությամբ։