Իտալիա
պետություն Եվրոպայում / From Wikipedia, the free encyclopedia
Իտալիա (իտալ.՝ Italia), պաշտոնապես Իտալիայի Հանրապետություն (իտալ.՝ Repubblica italiana)[6][7][8][9], ունիտար խորհրդարանական հանրապետություն Եվրոպայում։ Տեղակայված է Միջերկրական ծովի սրտում։ Իտալիան ազատ ցամաքային սահմաններ ունի Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ավստրիայի, Սլովենիայի, Սան Մարինոյի և Վատիկանի հետ։ Իտալիայի տարածքը կազմում է 301.338 կմ քառակուսի (116,347 քառակուսի մղոն) և հիմնականում ունի հանգիստ սեզոնային և միջերկրածովային կլիմա։ Իր տեսքի պատճառով հաճախ այն անվանում են lo Stivale (կոշիկ)[10][11]։ 61 միլիոն բնակչությամբ Իտալիան չորրորդ ամենախոշոր բնակչություն ունեցող երկիրն է Եվրոպական միությունում։
Իտալիայի Հանրապետություն Repubblica Italiana |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ Il Canto degli Italiani | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Հռոմ 318) 41°54′N, 12°29′E | |||
Պետական լեզուներ | իտալերեն | |||
Կառավարում | Ունիտար պառլամենտական hանրապետություն | |||
- | նախագահ | Սերջիո Մատարելլա | ||
- | վարչապետ | Ջորջա Մելոնի | ||
Հիմնում | ||||
- | Ռիսորզիմենտո | մարտի 17, 1861 | ||
- | Հանրապետություն | հունիսի 2, 1946 | ||
- | ԵՏՄ անդամակցում (ներկայումս Եվրամիություն) | հունվարի 1, 1958 | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 301, 318 կմ² | ||
- | Ջրային (%) | 2.4 | ||
Բնակչություն | ||||
- | 2017 նախահաշիվը | 60, 589, 445[1] (23-րդ) | ||
- | 2000 մարդահամարը | 57, 784, 372[2] (22-րդ) | ||
- | Խտություն | 205 /կմ² (63-րդ) 532 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $2, 157 տրիլիոն[3] (12-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $35, 811[3] (32-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2015 գնահատում | |||
- | Ընդհանուր | $1.842 տրիլիոն[3] (8-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $30, 594[3] (27-րդ) | ||
Ջինի (2014) | 32.7[4] (միջին) | |||
ՄՆԶԻ (2013) | 0.872[5] (26-րդ) | |||
Արժույթ | Եվրո (EUR) | |||
Ժամային գոտի | CET (ՀԿԺ+1) | |||
- | Ամռանը (DST) | CEST (ՀԿԺ+2) | ||
Ազգային դոմեն | .it | |||
Հեռախոսային կոդ | +39 |
Անտիկ ժամանակաշրջանում հին կարթագենացիները, փյունիկիացիները և հույներն Իտալիայի հարավում հիմնել են բնակավայրեր․ էտրուսկները և կելտերը բնակվել են Իտալիայի կենտրոնական հատվածում, իսկ հյուսիսում բնակվել են հին իտալական տարբեր ցեղեր և ժողովուրդներ, որոնք հետագայում սփռվել են ողջ Ապենինյան թերակղզով մեկ։ Իտալական ցեղերը հիմնել են Հռոմեական թագավորությունը, որը հետագայում դարձել է հանրապետություն և նվաճել հարևան քաղաքակրթությունները։ Հռոմը հետագայում հասավ իր հզորության գագաթնակետին և նվաճեց հին աշխարհի մեծ մասը՝ դառնալով արևմտյան քաղաքակրթության մշակութային, քաղաքական և կրոնական առաջատար կենտրոնն աշխարհում։
Միջնադարի սկզբում Հռոմեական կայսրությունը փլուզվեց և ենթարկվեց բարբարոսների հարձակումներին։ 11-րդ դարի սկզբին բազմաթիվ քաղաք-պետություններ և ծովային հանրապետություններ հզորացան և զարգացրին նավաշինարարությունը, առևտուրն ու բանկային գործը, ինչը հիմք հանդիսացավ ժամանակակից կապիտալիզմի[12] ձևավորման համար։ Այս անկախ պետությունների միջոցով Եվրոպան առևտրային ճանապարհ բացեց դեպի Մերձավոր Արևելք և Ասիա։ Արդյունքում, հարստացան ֆեոդալները, որոնք մեծ հեղինակություն ձեռք բերեցին ամբողջ Եվրոպայում։ Կենտրոնական Իտալիայի մեծ մասը գտնվում էր կրոնապետական Պապական մարզերի վերահսկողության տակ, մինչդեռ Հարավային Իտալիան մնաց ֆեոդալական՝ ընդհուպ մինչև 19-րդ դարը, մասամբ բյուզանդացիների, արաբների, նորմանների, իսպանացիների և Բուրբոնների տարածաշրջան կատարած արշավանքների պատճառով[13]։
Վերածնունդը սկսվեց Իտալիայում և սփռվեց ամբողջ Եվրոպայում` առաջ քաշելով նոր հայացքներ հումանիզմի, գիտության, հայտնագործությունների և արվեստի ոլորտներում։ Վերածնունդը դարձավ իտալական մշակույթի ծաղկման ժամանակաշրջան՝ տալով այնպիսի հայտնի արվեստագետներ և գիտնականներ, ինչպիսիք են Լեոնարդո դա Վինչին, Գալիլեո Գալիլեյը, Միքելանջելոն և Նիկոլո Մաքիավելին։ Իտալացի ճանապարհորդներ, ինչպիսիք են Մարկո Պոլոն, Քրիստափոր Կոլումբոսը, Ամերիգո Վեսպուչին և Ջիովաննի դա Վարացանոն, բացահայտեցին նոր ճանապարհներ դեպի Հեռավոր Արևելք և Նոր աշխարհ` օգնելով Եվրոպային մտնել Աշխարհագրական մեծ հայտնագործությունների ժամանակաշրջան։ Սակայն Իտալիայի առևտրային և քաղաքական հզորությունն անկում ապրեց, երբ հայտնաբերվեցին դեպի Ասիա շրջանցող ուղիները[13][14][15]։ Հետագայում իտալական քաղաք պետություններն սկսեցին արյունահեղ պատերազմները միմյանց հետ, որոնք հայտնի են 15-16-րդ դարերի Իտալական պատերազմներ անվամբ։ Արդյունքում իտալական քաղաք-պետոթյունները թուլացան և նրանցից ոչ մեկը չդարձավ առաջնորդ ուժ։ Քաղաք պետությունների թուլացումն առիթ հանդիսացավ եվրոպական տերությունների կողմից դեպի Իտալիա արշավանքների, որոնցից էին Ֆրանսիան, Իսպանիան և Ավստրիան։
19-րդ դարի կեսերին Իտալական ազգայնականության աջակցությամբ սկսվեց պայքար անկախության համար, ինչի արդյունքում երկիրն ընկավ հեղափոխական մի ժամանակաշրջան, որը հայտնի է Ռիսորզիմենտո անվամբ։ Վերջինիս նպատակն էր ստեղծել միավորված ազգային պետություն։ Մի քանի անհաջող փորձերից հետո, 1861 թվականին հնարավոր եղավ երկիրը միավորել։ Վերջինս դարձավ գերտերություն՝ երկար դարեր օտարի լծի տակ մնալուց հետո[16]։ 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը նոր կազմավորված Իտալիայի թագավորությունն սկսեց արագ տեմպերով զարգանալ, ստեղծվեցին արդյունաբերական կենտրոններ՝ հիմնականում երկրի հյուսիսում։ Իտալիան վերածվեց գաղութատիրական կայսրության[17], մինչդեռ հարավային Իտալիայի տնտեսությունը մնաց թերզարգացած[18]։ Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքում լինելով հաղթանակած կողմերից մեկը՝ Իտալիան մտավ տնտեսական ճգնաժամի և սոցիալական բողոքների փուլ, ինչի արդյունքում 1922 թվականին հատատվեց ֆաշիստական դիկտատուրա։ Առանցքի ուժերի կազմում Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցությունն ավարտվեց պարտությամբ, տնտեսական անկմամբ և Իտալիայի քաղաքացիան պատերազմով։ Հաջորդեց Իտալիայի լիբերացումը և ժողովրդավարական կարգերի հաստատումը, իսկ Իտալիայի միապետությունն անկում ապրեց։
Ներկայումս Իտալիայի տնտեսությունն իր մեծությամբ երրորդն է Եվրագոտում և ութերորդը` աշխարհում։ Ազգային հարստության ցուցանիշներով Իտալիան յոթերորդն է աշխարհում, իսկ երկրի կենտրոնական բանկում ոսկու պահուստների ցուցանիշներով՝ երրորդն աշխարհում։ Իտալիան ունի մարդկային զարգացվածության բարձր աստիճան և կյանքի միջին տևողության ցուցանիշներով վեցերորդն է աշխարհում։ Երկիրը մեծ դեր ունի տարածաշրջանի տնտեսական, ռազմական, մշակութային, դիվանագիտական զարգացման գործընթացում[19][20][21][22]։ Իտալիան Եվրոպական միության հիմնադիր և առաջատար անդամներից մեկն է։ Բացի այդ անդամակցում է միջազգային այնպիսի կազմակերպությունների աշխատանքներին, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ՏՀԶԿ-ն, ԵԱՀԿ-ն, ԱՀԿ-ն, Մ7/Մ8, Մ20, Միջերկրածովյան միությունը, Եվրոպայի Խորհուրդը և այլն։ Որպես մշակութային կենտրոն, Իտալիայում են գտնվում Համաշխարհային ժառանգության 51 օբյեկտներ։ Այս ցուցանիշով Իտալիան առաջինն է աշխարհում։ Իտալիան հինգերորդ ամենաշատ զբոսաշրջիկներ ընդունող երկիրն է աշխարհում։