Լալիբելա
From Wikipedia, the free encyclopedia
Լալիբելա, քաղաք հյուսիսային Եթովպիայում, հայտնի քարի մեջ փորված քրիստոնեական եկեղեցիներով։ Լալիբելայում պահպանել է Եթովպիայի միջնադարյան և հետմիջնադարյան քաղաքակրթության մեծ մասը[1]։ Երկրի սրբավայրերից մեկն է, որն իր նշանակությամբ զիջում է միայն Աքսումին՝ երկրի բնակչության ուխտագնացության կենտրոնին։ Ի տարբերություն Աքսումի՝ Լալիբելայի գրեթե ողջ բնակչությունը Եթովպիայի Ուղղափառ եկեղեցու քրիստոնյաներ են։
Եթովպիան 4-րդ դարի առաջին կեսին քրիստոնեություն ընդունած առաջին երկրներից է եղել։ Նրա պատմական արմատները թվագրվում են առաքյալների ժամանակներով։ Եկեղեցիները թվագրվում են 7-13-րդ դարերով և ավանդաբար հիշատակվում են Զագվե Գեբրե թագավոր Մեսկել Լալիբելայի (մոտ 1181-1221) թագավորության օրոք[2]։
Լալիբելայում հիմնական շենքերի տեղադրման վայրերը և անվանումները լայնորեն ճանաչված են (հատկապես տեղի հոգևորականների կողմից) որպես Երուսաղեմի խորհրդանշական ներկայացում[3]։ Դա հանգեցրել է այն բանին, որ որոշ փորձագետներ ներկայիս եկեղեցական ձևերը թվագրել են տարիներով, որոնք հաջորդել են մուսուլման առաջնորդ Սալահ ադ-Դինի կողմից 1187 թվականին Երուսաղեմի գրավմանը[4]։
Քաղաքը գտնվում է Ամհարայի շրջանի Սիմեն-Ուոլո գոտում` ծովի մակարդակից 2500 մետր բարձրության վրա։ Քաղաքը համարվում է Լաստա նահանգի կենտրոնը (վորեդա), իսկ ավելի վաղ ժամանակներում այն եղել է Բուգնա նահանգի կազմում։ Քարե եկեղեցիները Համաշխարհային ժառանգության օբյեկտ են հայտարարվել 1978 թվականին[1]։