From Wikipedia, the free encyclopedia
Լեսոթոյի դրոշ, Լեսոթոյի պետական խորհրդանիշներից։ Սահմանված է Լեսոթոյի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կանաչ, սև, սպիտակ և կապույտ գույներից՝ լայնքի և երկայնքի 2։3 հարաբերակցությամբ։ Ընդունվել է 2006 թվականի հոկտեմբերի 4-ին։ Շերտերի լայնությունների հարաբերակցությունը միմյանց հետ 3:4:3 է։ Սպիտակ շերտի կենտրոնում պատկերված է սև մոկորոտլո (բասուտո ժողովրդի ավանդական գլխարկ), որի բարձրությունը կազմում է սպիտակ շերտի լայնության 92 %-ը[1]։
Նոր դրոշի օրինագիծն ընդունվել է երկրի անկախության հռչակման 40-ամյակի կապակցությամբ՝ խորհրդարանի պատգամավորների 84 կողմ և 18 դեմ ձայներով։
Գույներից սպիտակը խորհրդանշում[2] է խաղաղությունը, կապույտը՝ ջուրը (անձրև), կանաչը՝ բարեկեցություն, բարգավաճում։
Լեսոթոյի առաջին դրոշը հաստատվել է 1966 թվականի սեպտեմբերի 30-ին, առաջին անգամ բարձրացվել է 1966 թվականի հոկտեմբերի 4-ին՝ Լեսոթոյի անկախության հռչակման ժամանակ։
Դրոշի համար օգտագործվել են ժամանակվա իշխող Բասուտո ազգային կուսակցության գույները՝ մոկորոտլոյի սպիտակ պատկերի ավելացմամբ, որը բասուտո ժողովրդի ավանդական գլխարկն է։ Կոթի երկայնքով ձգվող կանաչ և կարմիր շերտերի լայնությունը կազմել է դրոշի երկարության 1/10 մասը։
Երկրորդ դրոշն ընդունվել է 1987 թվականի հունվարի 17-ին՝ ռազմական հեղաշրջումից հետո, որի արդյունքում Բասուտո ազգային կուսակցության ներկայացուցիչները հեռացվել են իշխանությունից։ Դրոշը բաղկացած էր երեք գունավոր գունավոր հատվածներից․ ամենամեծ՝ սպիտակ հատվածն զբաղեցրել է դրոշի կեսը՝ դրոշի վերին ու կոթի կողմի մասերը։ Կանաչ հատվածը հարել է դրոշի ստորին և ազատ եզրերին, իսկ դրանց միջև եղել է կապույտ հատվածը։ Սպիտակ հատվածի վրա եղել է բասուտո ժողովրդի ավանդական ռազմական վահանի պատկերը՝ ասսեգաեմ նիզակի, մականի ու ավանդական գայիսոնի հետ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.