From Wikipedia, the free encyclopedia
Լիամետրաժ ֆիլմ (լրիվ չափ), կինոֆիլմերի ձևաչափերից մեկը։ Հակադրվում է կարճամետրաժ ֆիլմին (երբեմն առանձնացվում է նաև միջինմետրաժ ֆիլմերի միջանկյալ կատեգորիա)։
Ամերիկյան կինոարվեստի և գիտության ակադեմիան[1], Ամերիկայի կինոարվեստի ինստիտուտը[2] և Բրիտանական կինոյի ինստիտուտը[3] ֆիլմը բնորոշում են որպես լիամետրաժ, եթե այն տևում է 40 րոպե և ավելի։ Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի ու անիմացիայի ազգային կենտրոնը (ֆր.՝ Centre national du cinéma et de l'image animée) 35 մմ ֆիլմը համարում է լիամետրաժ, եթե նրա ֆիլմապատճենն ունի ավելի քան 1600 մ երկարություն (այսինքն՝ ուղիղ 58 րոպե և 29 վայրկյան հնչուն կինոյի համար), իսկ ԱՄՆ կինոդերասանների գիլդիան համարում է, որ այն պետք է լինի 80 րոպեից ոչ կարճ[4][5][6]։
Խորհրդային Միությունում լիամետրաժ է համարվել այն կինոֆիլմը, որի կինոժապավենի չափը կազմել է 1200-ից մինչև 3000 մետր, այսինքն՝ ֆիլմն ունեցել է 5-12 մաս (յուրաքանչյուր մասում՝ շուրջ 250-280 մ)[7], Ռուսաստանում լիամետրաժ է համարվում առնվազն 52 րոպե տևողություն ունեցող ֆիլմը[8]։
1922 թվականից մինչև 1970 թվականն ամենաշատ լիամետրաժ ֆիլմերը նկարահանել են ԱՄՆ-ում և Ճապոնիայում։ 1971 թվականից ամենաշատ լիամետրաժ ֆիլմերն ստեղծվում են Հնդկաստանում[9], որտեղ ամեն տարի նկարահանվում է շուրջ հազար ֆիլմ երկրի ավելի քան տասներկու լեզուներով[10]։
Անգլերենում լիամետրաժ ֆիլմ հասկացությանը համապատասխանում է feature film տերմինը։ Դրա օգտագործումը պայմանավորված է նրանով, որ լիամետրաժ ֆիլմերը, որպես կանոն, դարձել են հիմնական կինոթատրոնների ծրագրերում և համապատասխան ձևով գովազդվել են, այնինչ կարճամետրաժ ֆիլմերը, կինոամսագրերը, սերիալներն ու մուլտֆիլմները ցուցադրվել են որպես հավելում։ Միևնույն ժամանակ, ֆիլմի փաստացի տևողությունը միշտ չէ, որ համապատասխանել է լրիվ չափին․ առաջին feature film (այսինքն նրանք, որոնք ներկայացվել են որպես գլխավոր սենասում) կարող էին զբաղեցնել կինոժապավենի երկուսից մինչև չորս կոճ։
Առաջին լիամետրաժ ֆիլմերն ստեղծվել են Միացյալ Նահանգներում և Ֆրանսիայում, սակայն տարածվել են առանձին հատվածներով, ինչը կինոթատրոնի տիրոջը թույլ է տվել դրանք կամայականորեն ամբողջացնել վարձույթի ժամանակ։ Այդպիսի ժապավենների թվին են պատկանել ամերիկյան Lubin’s Passion Play (1903 թվականի հունվար, 60 րոպե)[11] և ֆրանսիական Vie et Passion du Christ (1903 թվականի մայիս, 44 րոպե) աշխատանքները։ Ամենավաղ լիամետրաժ ձայնագրություններն են բռնցքամարտի մենամարտի տեսագրությունները՝ The Corbett-Fitzsimmons Fight (1897)[12], Reproduction Of The Corbett-Jeffries Fight (1899), The Jeffries-Sharkey Fight (1899)։ 1900 թվականին թողարկվել է «Բանակում» (ռուս.՝ In The Army) վավերագրական ֆիլմը, որ նվիրված է բրիտանացի զինվորների ուսմանն ու տևում է մեկ ժամ։
Առաջին ամբողջական լիամետրաժ ֆիլմը համարվում է ավստրալիական «Քելլիի իրական պատմությունը» (անգլ.՝ The Story of the Kelly Gang, 1906) 70 րոպեանոց ֆիլմը[13]։ Առաջին եվրոպական լիամետրաժ ֆիլմը L’Enfant prodigue (Ֆրանսիա, 1907) 90 րոպե տևողություն ունեցող կինոնկարն է, որն ըստ էության թատերական ներկայացման ձայնագրություն է։ Առաջին լիամետրաժ ֆիլմը, որն ստեղծվել է որպես կինոնկար, Եվրոպայում եղել է «Թշվառները» (ֆր.՝ Les Misérables, Ֆրանսիա, 1909)[13]։
Իտալիայում ստեղծված առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է L’Inferno (1911) կինոնկարը, Մեծ Բրիտանիայում՝ With Our King and Queen Through India (1912) վավերագրական ֆիլմը, որ նկարահանվել է գունավոր Kinemacolor տեխնոլոգիայով[14] և «Օլիվեր Թվիստ» (անգլ.՝ Oliver Twist, 1912) գեղարվեստական ֆիլմը[13]։ Միացյալ Նահանգներում նույն 1912 թողարկվել է «Օլիվեր Թվիստի» մեկ այլ տարբերակ, ինչպես նաև «Մսուրից մինչև խաչ» (անգլ.՝ From the Manger to the Cross), «Կլեոպատրա» և «Ռիչարդ III» լիամետրաժ ֆիլմերը[15]։ Ռուսաստանում նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմն է 1911 թվականին ստեղծված «Ստավրոպոլի պաշտպանությունը» (ռուս.՝ «Оборона Севастополя») կինոնկարը[16]։ Ասիայում ստեղծված առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է ճապոնական Տասուկե Շիոբարայի կյանքի պատմությունը (1912) ժապավենը[17], Հնդկաստանում՝ Raja Harishchandra (1913)[18], Չինաստանում՝ Չժան Շիչուանի Nan Fu Nan Qi (1913) ֆիլմերը։ Հարավային Ամերիկայում ստեղծված առաջին լիամետրաժ ֆիլմը եղել է 1913 թվականին նկարահանված O Crime dos Banhados (1913) ֆիլմը[17]։ Աֆրիկայում առաջին լիամետրաժ ֆիլմը թողարկվել է 1916 թվականին և կոչվել Die Voortrekkers[17]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.