Լոռու մարզ
մարզ Հայաստանում / From Wikipedia, the free encyclopedia
Լոռու մարզ, մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հյուսիսում։ Զբաղեցնում է պատմական Հայաստանի Գուգարաց նահանգի արևելյան հատվածն ու Այրարատ նահանգի Նիգ գավառի հյուսիսային տիրույթները։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լոռի (այլ կիրառումներ)
| |||
Ձախից՝ աջ Լոռե բերդը Ստեփանավանի շրջակայքում • Ախթալայի վանական համալիրն ու ամրոցի պարիսպները • Հաղպատի վանք • Քոբայր • Ձորագետի կիրճ • Փամբակի լեռները Դսեղից • Թռչկանի ջրվեժ | |||
Երկիր | Հայաստան | ||
Կարգավիճակ | Մարզ | ||
Մտնում է | Հայաստան | ||
Ներառում է | Ալավերդին, Գյուլագարակը, Թումանյանը, Լերմոնտովոն, Լոռի Բերդը, Սպիտակը, Ստեփանավանը, Վանաձորը, Տաշիրը, Փամբակը, Ֆիոլետովոն[1] | ||
Վարչկենտրոն | Վանաձոր | ||
Ամենաբարձր կետ | Աչքասար (3196 մետր) | ||
ԲԾՄ | 520-1800 մետր | ||
մարզպետ | Արամ Ղազարյան[2] | ||
Հիմնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն (2020) | 213.3 հազար մարդ (7.2 %, 6-րդ տեղ) | ||
Խտություն | 103.5 | ||
Ազգային կազմ | հայեր, ռուսներ, հույներ, եզդիներ, ուկրաինացիներ | ||
Կրոնական կազմ | քրիստոնեություն | ||
Տարածք | 3,799 (3-րդ տեղ) | ||
Պատմական շրջան(ներ) | Գուգարք նահանգ, Մեծ Հայք | ||
ISO 3166-2 կոդ | AM-LO | ||
Փոստային ինդեքսներ | 1701–2117 | ||
lori.mtad.am | |||
Լոռու մարզն ունի ցայտուն արտահայտված բնական սահմաններ։ Այն ընդգրկում է Դեբեդ գետի ավազանն ամբողջությամբ և հիմնականում ունի լեռնային ռելիեֆ՝ բարձրադիր լեռներ, անդնդախոր, երբեմն սուր կտրվածքով կիրճեր։ Նրա տարածքում են ձգվում Ջավախքի, Բազումի, Փամբակի, Գուգարաց, Վիրահայոց և Հալաբի լեռնաշղթաները։ Առանձնանում են Լոռու,Փամբակի գոգավորությունները և Լոռվա ձորը։ Բնակավայրերը գտնվում են ծովի մակերևույթից 520-ից մինչև 1800 մետր բարձրության վրա։
Մարզի վարչական կենտրոն հանդիսացող Վանաձոր քաղաքը համարվում է Հայաստանի երրորդ խոշորագույն քաղաքը՝ շուրջ 80 հազար բնակչությամբ։ Մյուս խոշոր բնակավայրերն են Ալավերդին, Ստեփանավանը, Սպիտակը, Թումանյանը, Ախթալան և Տաշիրը։ Ըստ 2020 թվականի տարեսկզբի տվյալների՝ մարզի բնակչությունը կազմում է 213․3 հազար մարդ, որի ճնշող մեծամասնությունը հայերն են, սակայն համեմատականորեն քիչ չեն նաև ազգային փոքրամասնությունների (ռուսական, հունական, եզդիական, ուկրաինական և այլն) համայնքները[փա՞ստ]։
Լոռին Հայաստանի արդյունաբերական մարզերից է։ Այստեղ են գործում Հայաստանի տնտեսության արդյունաբերական ճյուղի անկյունաքարային նշանակություն ունեցող մի շարք օբյեկտներ։ Արդյունաբերության զարգացվածության ֆոնին ավելի քիչ զարգացած է գյուղատնտեսությունը։
Լոռին աչքի է ընկնում նաև հարուստ մշակութային ժառանգությամբ և պատմական անցյալով, որի մասին վկայում են տասնյակ վանքերը, բերդերը, ամրոցներն ու հուշակոթողները։ Պատմամշակութային ինքնատիպ հուշարձանների բազմազանությունը որոշակիորեն պայմանավորված է այն հանգամանքով, որ 10-12-րդ դարերում այստեղ գոյություն է ունեցել անկախ հայկական պետականություն՝ ի դեմս Լոռու կամ Տաշիր-Ձորագետի թագավորության։ Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ներառված օբյեկտներից երկուսը՝ Հաղպատի ու Սանահինի միջնադարյան վանական համալիրները գտնվում են Լոռու մարզում։