Լևոն Արոնյան
հայ շախմատիստ / From Wikipedia, the free encyclopedia
Լևոն Գրիգորի Արոնյան (հոկտեմբերի 6, 1982(1982-10-06)[3], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[4][5][6]), Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկայացնող հայ շախմատիստ, գրոսմայստեր։ 2005 և 2017 թվականների աշխարհի գավաթակիր, Հայաստանի հավաքականի կազմում 37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադաների, 2011 թվականի աշխարհի և 1999 թվականի Եվրոպայի թիմային առաջնությունների հաղթող, բազմաթիվ գերմրցաշարերի, ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի, Վեյկ ան Զեյի մրցաշարի քառակի հաղթող (2007, 2008, 2012 և 2014), 2009 և 2013 թվականների Բիլբաո-Մեծ սաղավարտի հաղթող, արագ շախմատի 2009 թվականի աշխարհի չեմպիոն, 2006 և 2007 թվականների Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն, 2010 թվականի կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն, 2002 թվականի Հայաստանի չեմպիոն։ 2011 թվականին Մոնակոյում նա մասնակցեց «կույր» և արագ շախմատի «Ամբեր» ավանդական մրցաշարին և դարձավ նրա վերջին հաղթողը (մրցաշարն այլևս չի անցկացվելու)։
1998 թվականին 15-ամյա Լևոն Արոնյանը թիմակիցներ Գաբրիել Սարգսյանի, Տիգրան Լ. Պետրոսյանի և Վարուժան Հակոբյանի հետ դարձել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած 6-րդ մանկական օլիմպիադայի հաղթող։
Երկու տարի անընդմեջ՝ 2005[9] և 2006 թվականներին[10], մարզական լրագրողների հարցմամբ ճանաչվել է Հայաստանի լավագույն մարզիկ։ 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ անհատական վարկանիշով աշխարհում 6-րդն է (2772)։
2010 թվականի նոյեմբերին Լևոն Արոնյանը դասական շախմատում առաջին անգամ գերազանցեց 2800 միավորի սահմանը (2801) և դարձավ աշխարհում վեցերորդ շախմատիստը (աշխարհի չեմպիոններ Գարի Կասպարովից, Վլադիմիր Կրամնիկից, Վիշվանաթան Անանդից, Վեսելին Տոպալովից, ինչպես նաև նորվեգացի Մագնուս Կառլսենից հետո), որին հաջողվել է հաղթահարել անհատական վարկանիշի այդ գերգրոսմայստերական նիշը։ Հետագայում 2800-ի շեմը հաղթահարեցին նաև իտալացի Ֆաբիանո Կարուանան (այժմ ներկայացնում է ԱՄՆ-ը), ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկը, ամերիկացիներ Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, ադրբեջանցի Շահրիար Մամեդյարովը, չինացի Դին Լիրենը և Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուզջան։ Իր առավելագույն վարկանիշով (2830) Լևոն Արոնյանը զիջում է միայն Մագնուս Կառլսենին (2881), Գարի Կասպարովին (2851) և Ֆաբիանո Կարուանային (2844)։
2014 թվականին Լևոն Արոնյանն արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչման[11]։