Խոստումը (ֆիլմ, 2016)
ֆիլմ, 2016 / From Wikipedia, the free encyclopedia
«Խոստումը» (անգլ.՝ The Promise), 2016 թվականին ամերիկացի ռեժիսոր Թերի Ջորջի նկարահանած ֆիլմն է՝ իր և Ռոբին Սուիքորդի սցենարով։ Ֆիլմը հայոց ցեղասպանության մասին պատմական դրամա է[4]։ Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Օսմանյան կայսրության գոյության վերջին տարիներին, գլխավոր դերակատարներն են Օսկար Այզեքը, Շարլոտ լը Բոնը և Քրիստիան Բեյլը։ Ֆիլմը պատմում է մի սիրային եռանկյունու մասին, որը ծավալվում է Միքայելի (Այզեք)՝ բժշկականի հայ ուսանողի, Քրիսի (Բեյլ)՝ ամերիկացի լրագրողի և Աննայի (Լը Բոն) միջև, որը հայոց ցեղասպանությունից առաջ և դրա ընթացքում Ֆրանսիայում մեծացած հայ կին էր։
Խոստումը անգլ.՝ The Promise | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | դրամա[1] |
Թվական | 2016 և օգոստոսի 17, 2017[2][3] |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Թերի Ջորջ[1] |
Պրոդյուսեր | Էրիկ Իսրայելյան |
Սցենարի հեղինակ | Թերի Ջորջ |
Դերակատարներ | Քրիստիան Բեյլ, Օսկար Այզեկ, Դանիել Խիմենես Կաչո, Շոխրե Աղդաշլու, Ժան Ռենո, Անժելա Սարաֆյան, Շարլոտ լը Բոն, Ռադե Շերբեջիա, Աբել Ֆոլկ, Մարվան Քենզարի, Յիգալ Նաոր, Գևորգ Մալիքյան, Նուման Աջար, Թոմ Հոլանդեր, Ժան Կլոդ Ռիկոբորգ, Ջեյմս Քրոմվել, Ալիսիա Բորաչերո, Մայքլ Շտալ-Դևիդ, Սոֆյա Բլեք-Դ'Էլիա և Հասան Թամեր |
Օպերատոր | Խավիեր Ագիռեսարոբե |
Երաժշտություն | Գաբրիել Յարեդ |
Մոնտաժ | Սթիվեն Ռոզենբլում |
Պատմվածքի վայր | Թուրքիա |
Տևողություն | 132 րոպե |
«Խոստում» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի սեպտեմբերի 11-ին՝ Տորոնտոյի միջազգային կինոփառատոնի ժամանակ[5][6][7]։ Իսկ ԱՄՆ-ում ֆիլմը թողարկվել է Open Road Films-ի կողմից 2017 թվականի ապրիլի 21-ին՝ հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Ֆիլմը հակասական արձագանքներ է ստացել քննադատների կողմից՝ հավաքելով ընդամենը 12 միլիոն դոլար՝ ֆիլմի վրա ծախսված 90 միլիոն դոլարի դիմաց, ինչի արդյունքում Open Road Films կինոընկերությունը կորցրել է ավելի քան 100 միլիոն դոլար։ Այնուամենայնիվ, ընկերությունը նշել է, որ ֆիլմի հիմնական նպատակը հայոց ցեղասպանության վրա հանրության ուշադրությունը հրավիրելն էր, ոչ թե գումար վաստակելը։ Այդ առթիվ՝ ֆիլմի ռեժիսոր Թերի Ջորջն ասել է, որ «հանդիսատեսն այսօր ավելի շատ է սովորում ֆիլմերից, քան պատմության գրքերից»[8]։ Ֆիլմում նաև ներկայացված է ամերիկացի երգիչ Քրիս Քորնելի վերջին երգը՝ «The Promise»-ը, ով ֆիլմի ամերիկյան ցուցադրումից մեկ ամիս անց մահացավ[9]։
Հայաստանում ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2017 թվականի ապրիլի 27-ին։ Ֆիլմը ցուցադրվել է հայերենով, անգլերենով և ռուսերենով։ Անգլերեն ցուցադրումները կարող են պարունակել ռուսերեն ենթագրեր։