Ծաղկաբուծություն
From Wikipedia, the free encyclopedia
Ծաղկաբուծություն, բուսաբուծության և գեղազարդ պարտիզագործության բնագավառ։ Խնդիրն է՝ աճեցնել արժեքավոր դեկորատիվ, գունավոր, բուրավետ ծաղիկներով կամ գեղեցիկ տերևներով բույսեր՝ պուրակներում, փողոցներում և հրապարակներում ծաղկանոցներ ստեղծելու, բնակչությանը ծաղիկ մատակարարելու, ինչպես նաև բնակարաններն ու շենքերը ծաղկազարդելու համար։
Հազարամյակներ առաջ զարգացած է եղել Մերձավոր Արևելքի երկրներում և Չինաստանում։ Հայտնի է, որ Պարսկաստանի այգիներում (պարադիզ) աճեցվել են վարդ, շուշան, մանուշակ, կակաչ, եղրևանի և այլն, իսկ Չինաստանի այգիներում՝ վարդ և քրիզանթեմ։
Ծաղկաբուծությունը զարգացած է եղել նաև հին Հայաստանում։ Ուրարտուի մայրաքաղաք Տուշպան հայտնի էր որպես քաղաք-պարտեզ։ Դեռևս Տիգրան Բ Մեծի օրոք հայերը վարդից յուղ էին ստանում և արտահանում։