Ծաղկոտն
From Wikipedia, the free encyclopedia
Ծաղկոտն (Ծաղկեոտն, Ծաղկոոտն, Ծաղկուտն), գավառ Մեծ Հայքի Այրարատ նահանգում։ «Աշխարհացույց»-ում (VII դ.) հիշատակված է որպես Այրարատ նահանգի յոթերորդ գավառ։ Տարածվում էր Ծաղկանց լեռների շրջանում։ Պատկանում էր Գնունիների նախարարական տանը, հետագայում, անցնում է Արշակունիների արքունիքին։ Լեռնային զով կլիմա ունենալու պատճառով ծառայում էր որպես հայկական զորքերի ճամբարային կայանատեղի։ Ծաղկոտնի պատմական հիշարժան վայրերն են՝ Զարեհավան քաղաքը, Շահապիվան բնակավայրը, Անգղ բերդն ու գյուղաքաղաքը։ Ծաղկոտնի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին, փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։