From Wikipedia, the free encyclopedia
«Ծիածանի բանաձևը» (ռուս.՝ «Формула радуги»), 1966 թվականի խորհրդային սատիրական կատակերգություն, որը նկարահանվել է ռեժիսոր Գեորգի Յունգվալդ Խիլկևիչի կողմից Օդեսայի կինոստուդիայում։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | կինոֆանտաստիկա և կինոկատակերգություն |
Թվական | 1966 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Գեորգի Յունգվալդ Խիլկևիչ |
Դերակատարներ | Նիկոլայ Ֆեդորցով և Ռաիսա Նեդաշկովսկայա |
Օպերատոր | Վադիմ Ավլոշենկո |
Երաժշտություն | Ալեքսանդր Զացեպին |
Կինոընկերություն | Օդեսայի կինոստուդիա |
Տևողություն | 70 րոպե |
Անլուծելի խնդիրների ինստիտուտի երիտասարդ գիտնական Վլադիմիր Բանտիկովը (Նիկոլայ Ֆեդորցով) աշխատում է ծիածանի բանաձևի ստեղծման վրա։ Բազմաթիվ ավելորդ ու ձանձրալի ժողովների վրա իր ուշադրությունը չշեղելու նպատակով նա ստեղծում է իր նմանակին՝ Ռոբոտ Յաշային։
Որոշ ժամանակ անց գոռոզացած ռոբոտը փախչում է իր ստեղծողից։ Նրա որոնումները բարդանում են նրանով, որ նրա ստեղծած խորամանկ սարքի՝ «մոդիֆիկատորի» շնորհիվ նա հնարավորություն է ստացել փոխել իր արտաքինը (սակայն ավելի ուշ այդ սարքը կորչում է)։
Սակայն ռոբոտը, իր արարքների անթերի տրամաբանությամբ հանդերձ, ունի բնորոշ տարբերակիչ առանձնահատկություններ. նա անհոգի է մարդկանց հետ հարաբերություններում, մտածում է ուղղակիորեն և բոլորովին զուրկ է հումորի զգացումից։ Ի զարմանս Վոլոդյայի՝ պարզվում է, որ այդ որակները հատուկ են որոնումների ընթացքում իրեն հանդիպած բազմաթիվ մարդկանց, և երբեմն անհնար է լինում որոշել, թե ով է քո առաջ՝ ռոբոտ, թե կենդանի մարդ։
Ի վերջո, Յաշային գտնում են. ինստիտուտի տնօրեն Կոզդոլևսկին նրան է նշանակում հրահանգիչ ծովափնյա մարզաբազաներից մեկում, որտեղ նրա հետ բազմաթիվ զվարճալի արկածներ են տեղի ունեցել։ Քանի որ Յաշայի գերբնական ունակությունները թույլ չեն տալիս ուղղակիորեն բռնել նրան, նրան բռնում են խաբեությամբ. օգտագործելով նրա՝ հրահանգներն ուղղակի կատարելու հակումը, Յաշային հրահանգում են մտնել ծովը, որտեղ կարճ միացում է տեղի ունենում։ Դրանից հետո Բանտիկովի ջանքերով ռոբոտին վերածրագրավորում են և նշանակում ինստիտուտի դռնապանի պաշտոնում։
«Ծիածանի բանաձևը» ֆիլմը, ինչպես «Նրա անունը Ռոբերտ է» (1967) և ավելի ուշ նկարահանված «Էլեկտրոնիկի արկածները» (1979) ֆիլմերը, օգտագործում է սյուժետային այն գիծը, երբ ռոբոտը դառնում է որոշակի մարդու նմանակ։ Բայց եթե «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմն աչքի է ընկնում լավատեսությամբ, «Նրա անունը Ռոբերտ» ֆիլմում ռոբոտը պարզապես վառվում է՝ չդիմանալով մարդկային զգացմունքներին, ապա «Ծիածանի բանաձևը» ֆիլմում այդ փոխարինումն ունենում է աղետալի հետևանքներ[1]
Յաշա ռոբոտը «անպատկառորեն սառը հաշվարկի սուր սատիրական մարմնավորում է և այնքան է հիշեցնում ննջող քաղքենական «ապարատավարին», որ խորհրդային գրաքննադատնության բյուրոկրատներն իրենց պարտքն են համարել առհասարակ արգելել ֆիլմի ցուցադրությունը»[2]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.