թանգարան Դոհայում From Wikipedia, the free encyclopedia
Կատարի ազգային թանգարան(արաբ․՝ المتحف الوطني في قطر), թանգարան մայրաքաղաք Դոհայում։ Թանգարանի այժմյան շենքի բացումը տեղի է ունեցել 2019 թվականի մարտի 28-ին, նախորդ կառույցը թվագրվում էր 1975 թվականով։ Ճարտարապետը Ժան Նուվելն է, ով նախագծել է թանգարանի կառույցը՝ ոգեշնչվելով Կատարում հայտնաբերված «անապատի վարդ» կոչվող միներալի տեսքից[1]։ Թանգարանի տարածքում գտնվում է նաև Շեյխ Աբդուլլահ իբն Ժասիմ Ալ Թանիի դղյակը, որը համարվում է Կատարի ազգային նկարագրի մի մասնիկը[2]։ 2013 թվականից թանգարանի տնօրենն է Ամնա բինթ Աբդուլազիզ իբն Ժասիմ Ալ Թանին[3]։
Կատարի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Կատար |
Տեղագրություն | Դոհա |
Վայր | Դոհա |
Պատկանում է | Qatar Museums Authority? |
Ղեկավարության նստավայր | Դոհա, Կատար |
Հիմնադրվել է | 2019 |
Կայք | nmoq.org.qa/en/(անգլ.) |
Խալիֆա իբն Համադ Ալ Թանին իր ղեկավարման շրջանում, ավելի կոնկրետ՝ 1972 թվականին ծրագրում է ստեղծել ազգային թանգարան՝ նպատակ ունենալով մի տեղում ամբողջացնել պետության ժառանգությունն ու ավանդույթները։ Նույն տարում համագործակցության փաստաթուղթ է ստորագրվում Michael Rice & Company կազմակերպության հետ՝ թանգարանի կառուցվածքային ու ֆունկցիոնալ ասպեկտների նախագծման նպատակով։ Որոշվում է, որ թանգարանի տարածքը պետք է ներառի իր մեջ նաև հին Ամիրյան դղյակը, որը պատկանում էր Կատարի նաախկին էմիր Աբդուլլահ իբն Ժասիմ Ալ Թանիին[4]։
Կատարի ազգային թանգարանի պաշտոնական բացումը տեղի ունեցավ 1975 թվականի հունիսի 23-ին[5], սկզբնապես այն ներառում էր սրահ՝ նախատեսված 100 հոգու համար և գրադարան[4]։ 1980 թվականին թանգարանը արժանանում է Աղա Խանի մրցանակի որպես արժեքավոր ճարտարապետական կոթող[6]։ 2015 թվականին թանգարանի նոր շենքի բացմանն ընդառաջ վերականգնողական աշխատանքներ իրականացվեցին նաև թագավորական դղյակում, որի շուրջ կառուցվել էր հին շենքը[7]։
Թանգարանի նոր շենքը կառուցվում է հնի տեղում։ Այն նախագծվել է Պրիցկերի մրցանակակիր, ճարտարապետ Ժան Նուվելի կողմից, ով ոգեշնչվում է «անապատի վարդ» կոչվող միներալի տեսքից, ու ստեղծում 21-րդ դարին բնորոշ յուրօրինակ ու ժամանակակից կառույց[1]։ Դղյակի վերականգնումն իրականացվում է բեռլինյան ճարտարապետական ու ինժեներական ZRS Architekten Ingenieure ընկերության կողմից[8]։ Նոր ու հին կառույցների այսպիսի համաչափ զարգացումն ու վերակառուցումներն էլ խորհրդանշում են մշակութային անցյալի և ներկայի անքակտելի կապը։ Նոր կառույցի բացումը տեղի է ունենում 2019 թվականի մարտի 28-ին[9]։ Թայմ ամսագիրը Կատարի ազգային թանգարանը դասել է 2019 թվականին ամենաշատ այցելված վայրերի շարքը[10]։ Միայն մեկ տարվա ընթացքում թանգարանն ընդունեց ավելի քան 450,000 այցելու։ Թանգարանային նմուշներից ու ցուցադրվող կտավներից բացի, մարդկանց գրավում են 21-րդ դարին բնորոշ վիզուալ ու ձայնային էֆեկտները, որոնք թանգարանը լայնորեն կիրառում է[11]։
Թանգարանի էքսկուրսիաներն անցկացվում են պատկերասրահների միջոցով, որոնք ներկայացնում են 3 հիմնական թեմաներ։ Պատկերասրահների հավաքածուները դասավորված են ժամանակագրական հաջորդականությամբ, ցուցադրությունները սկսվում են անապատի և Պարսից ծոցի աշխարհագրական նկարագրությունից և պատմությունից, այնուհետև ընդգրկում բեդվինների մշակույթը ներկայացնող գտածոներ, պատմական ցուցադրություններ միջցեղային պատերազմներից, Կատար պետության կազմավորումից, և վերջապես, նավթահորերի հայտնաբերման պատմությունը սկզբից մինչև ներկայիս ժամանակներ[12]։ Ներկայումս թանգարանի հավաքածուն ընդգրկում է մոտ 8000 առարկա, այդ թվում՝ հնագիտական գտածոներ, ճարտարապետական էլեմենտներ, կենցաղային իրեր, հագուստ, զարդեղեն, գրքեր և պատմական փաստաթղթեր։
Թանգարանի առաքելությունն է ներկայացնել Կատարի ժողովրդի մշակույթը, ժառանգությունն ու ապագան՝ արտացոլելով կատարցիների ավանդույթները ու օտարերկրյա այցելուների համար կազմակերպելով քննարկումներ այժմյան փոփոխությունների և մոդեռնիզացիայի վերաբերյալ[13]։ Բացվելու պահից սկսած՝ թանգարանում պահվում են առարկաներ, որոնք բնորոշում են Կատարի մշակութային ժառանգությունը, այդ թվում՝ բեդվինների էթնոգրաֆիկ նյութեր, ծովային գտածոներ ու նյութեր, որոնք կապված են շրջակա միջավայրի հետ։
Բրիտանացի հնագետ Բեատրիս դե Քարդին և նրա խումբը 1973 թվականի նոյեմբերից մինչև 1974 թվականի հունվարը իրականացնում են պեղումներ Կատարում, որոնց ընթացքում հայտնաբերված գտածոները ցուցադրվում են թանգարանում[14]։ Հնագիտական աշխատանքներն իրականացվում էին Ալ Դաասում, արդյունքում հայտնաբերված ամենաարժեքավոր գտածոներից էին կերամիկայի մասնիկները, որոնք նեոլիթյան ժամանակաշրջանով են թվագրվում։ Ավելի վաղ պեղումներ են իրականացվել նաև դանիական հնագիտական խմբի կողմից 1950-1960-ական թվականներին, որի ժամանակ հայտնաբերված գտածոները նախ տարվում են Դոհայի ազգային գրադարան, այնուհետև տեղափոխվում թանգարան[15]։ Դե Քարդիի պեղումների ավարտից հետո թանգարանի հնությունների բաժինը մեծ դեր է խաղացել ուսումնասիրությունների ու արտեֆակտների պահպանման գործում։ Նրանք շարունակել են հնագիտական պեղումները Ալ Ուասաիլում և Զուբարահում։
Թանգարանում ներկայացված են բեդվինական մշակույթը բնորոշող բազմաթիվ էթնոգրաֆիկ նյութեր։ Ներկայացված պատմական առարկաներն օգտագործվել են բեդվինների կողմից որպես գործիքներ և զենքեր, էթնոգրաֆիկ օբյեկտներից են նաև զարդեղենը, ամանեղենն ու հագուստը։ Էթնոգրաֆիկ հավաքածուն ընդգրկում է ավանդական պոեմներ․ մեծ մասը կատարցի հեղինակ իբն Ալ-Ֆուջայի և նախկին էմիր Ժասիմ իբն Մուհամմադ Ալ Թանիի գործերն են[4]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.