Կատուներ
From Wikipedia, the free encyclopedia
Ընտանի կատուներ (լատին․՝ Felis silvestris catus կամ Felis catus)[1][3], փոքր, սովորաբար մորթածածկ, մսակեր կաթնասուններ։ Համարվում են ամենատարածված[4] (շան հետ միասին) «ընկերակից կենդանիներից» մեկը[5][6][7]։ Ներկայումս աշխարհում հաշվվում է շուրջ 600 մլն ընտանի կատու[8], որոնք դասակարգված են շուրջ 200 ցեղատեսակների՝ երկարամազերից (պարսկական կատու) մինչև մազազուրկ (սֆինքսներ), որոնք ճանաչված և գրանցված են ֆելինոլոգիական կազմակերպությունների կողմից։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կատուներ (այլ կիրառումներ)
Ընտանի կատու[1] | ||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||||||
|
||||||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||||||
Felis silvestris catus, Felis catus domestica[2]
Linnaeus, 1758
|
||||||||||||||
Հոմանիշներ | ||||||||||||||
| ||||||||||||||
|
Կենդանաբանության տեսանկյունից ընտանի կատուները գիշատիչների կարգի կատվազգիների ընտանիքին պատկանող կաթնասուններ են։ Նախկինում հաճախ համարվել են առանձին կենսաբանական տեսակ։ Ներկայիս դասակարգման համաձայն՝ ընտանի կատուն (Felis silvestris catus) անտառային կատվի (լատին․՝ Felis silvestris) ենթատեսակն է[9]։ Կատուներն ունեն ճկուն մարմին, արագ ռեֆլեքսներ, սուր ճանկեր ու ատամներ, որ հարմարեցված են մանր կենդանիներ որսալու համար։ Կատուները կարող են լսել շատ ցածր և բարձր հաճախականություն ունեցող (մարդու համար ոչ լսելի) ձայներ, որ արձակում են մկներն ու այլ մանր կենդանիներ։ Նրանք կարող են տեսնել մթության մեջ։ Ինչպես և կաթնասունների մեծ մասը, կատուներն ունեն ավելի թույլ գունավոր տեսողություն և ավելի լավ հոտառություն, քան մարդը։ Միայնակ որսալով կրծողներ ու այլ մանր կենդանիներ՝ կատուն սոցիալական կենդանի է[10], որը շփման համար օգտագործում է ձայնային ազդանշանների լայն դիապազոն, ինչպես նաև ֆերոմոններ և մարմնի շարժումներ[11]։
Կատուներն արագ բազմացող կենդանիներ են[12]։ Վերահսկողության ներքո նրանք կարող են բազմացվել և գրանցվել որպես զտարյուն ցեղատեսակների ներկայացուցիչներ։ Սակայն ստերիլիզացիայի միջոցով կատուների թվաքանակի աճի վերահսկման անհնարինության, ինչպես նաև նախկինում տանը պահվող կատուներին ազատ արձակելու արդյունքում ամբողջ աշխարհում առկա է վայրենացած ու թափառող կատուների մեծ թվաքանակ, ինչը պահանջում է հատուկ վերահսկողություն[13]։ Որոշ տարածքերում կատուները նպաստել են թռչունների բազմաթիվ տեսակների ոչնչացմանը։ Հայտնի է, որ կատուները դարձել են որոշ մեկուսի կղզիներում թռչունների պոպուլյացիաների ոչնչացման պատճառ[14]։
Հին Եգիպտոսում կատուների պաշտամունքի առկայության պատճառով համարվում է, որ դրանք ընտելացվել են այնտեղ[15], սակայն հնարավոր է, որ ընտելացման դեպքեր եղած լինեն դեռ նեոլիթյան ժամանակաշրջանում՝ 9,500 տարի առաջ (մ.թ.ա. 7,500)[16]։ 2007 թվականին կատարված գենետիկական ուսումնասիրության[17] արդյունքում պարզվել է, որ բոլոր ընտանի կատուները ծագել են մերձավորարևելյան վայրի կատվից և նրանից բաժանվել են մեր թվարկությունից շուրջ 8,000 տարի առաջ Մերձավոր Արևելքում[15][18]։ 2006 թվականին ապացուցվել է, որ ընձառյուծային կատուն առանձնաբար ընտելացվել է շուրջ մ.թ.ա. 5500 թվականին, սակայն այդ մասամբ ընտելացված այդ ցեղատեսակի գիծը չունի իր շարունակությունը ներկայիս ընտանի կատուների շարքում[19][20]։ 2017 թվականին կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ընտանի կատուներն այն կատուների սերունդներն են, որոնք ընտելացվել են Մերձավոր Արևելքում շուրջ 9000 տարի առաջ[21][22]։
2007 թվականի տվյալներով՝ Միացյալ Նահանգներում կատուներն իրենց թվաքանակով երկրորդ տեղն են զբաղեցնում ընտանի կենդանիների շարքում՝ զիջելով քաղցրահամ ջրերի ձկներին[23]։ 2010 թվականի տվյալներով՝ կատուները երրորդ ամենաշատ ժողովրդականություն վայելող ընտանի կենդանիներն են Մեծ Բրիտանիայում ձկներից ու շներից հետո և կազմում են շուրջ ութ միլիոն[24]։ Դրանք մարդու կողմից բարձր են գնահատվում նաև կրծողներ և տնային այլ վնասակար կենդանիների որսալու ունակության համար[25][26]։
Կատվազգիների ընտանիքի մյուս ներկայացուցիչներին (առյուծ, վագր, լեոպարդ, յագուար, լուսան, հեպարդ, պումա) այլ կերպ կարելի է անվանել մեծ կատուներ։ Հյուսիսային Եվրոպայում տարածված են լինքս կոչվող փոքր կատուները, որոնք չեն համարվում ընտանի կենդանիներ։