Կարստ
From Wikipedia, the free encyclopedia
Կարստային (Սլովենիայում գտնվող Կարստ սարահարթի անունից) երևույթները առաջանում են լուծվող ապարներում՝ կապված ջրի և քիմիական պրոցեսների հետ, երբ ջուրը մակերևույթներից ճեղքվածքների միջոցով թափանցում է երկրի ընդերքը։ Այստեղ նա լուծում է կրաքարը և առաջացնում ընդարձակ անձավներ` նրանց մեջ երբեմն առաջացնելով ստորերկրյա լճեր։ Որոշ գետեր անհետանում են խոր իջվածքներում, հոսում են գետնի տակով, ապա դուրս գալիս երկրի մակերևույթ։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կարստ (այլ կիրառումներ)
Կարստային երևույթներ երկրագնդում դիտվում են ոչ միայն լեռներում, այլև հաթավայրերում։
Կարստային երևույթների ամենատիպիկ արտահայտությունը քարանձավներն են։ Սրանք շատ դեպքերում ստորերկրյա գոյակցություններ են[1]։
Կարստը բնութագրվում է մակերեսային (կառեր, փակ խորություններ, ձագարներ, գոգավորություններ) և ստորերկրյա (անցքեր, խոռոչներ, անձավներ) ձևերի համալիրով, գետային ցանցի, լճերի և ստորերկրյա ջրերի յուրահատուկ շրջանառությամբ ու ռեժիմով։ Զարգանում է կարբոնատային (կրաքար, դոլոմիտ, կավիճ) և ոչ կարբոնատային (գիպս, քարաղ) ապարներում՝ մակերեսային և ստորերկրյա ջրերի համատեղ ներգործությունից։ Ապարների տարրալուծումը հաճախ ուղեկցվում է մեխանիկական լվացումով։ Ամենաերկար կարստային անձավը (Ֆլինտ–Ռիջը, Կենտուքիում) ավելի քան 100 կմ է, ամենախոր անդունդը (Բերժե, Ֆրանսիայում)՝ 1112 մ։ Կարստային վայրերին բնորոշ է մակերեսային հոսքի սակավությունը։ Գետակներն ու աղբյուրները հաճախ անցնում են ստորերկրյա խոռոչները, հոսում նրանցով և դուրս գալիս երկրի մակերես հզոր աղբյուրների ձևով։ Կարստային երևույթներին արտաքնապես նման է կեղծ Կարստի երևույթը, որն առաջանում է սառույցներում և սառած գրունտներում։ Կարստը բարդացնում է շինարարական աշխատանքները, դժվարացնում օգտակար հանածոների հանույթը։ Կարստը զարգացած է Արևելա–Եվրոպական հարթավայրում, Ղրիմում, Ուրալում, Կովկասում, Հարավսլավիայում, Չինաստանում, ԱՄՆ–ում և այլուր։