Կենդանակերպ
From Wikipedia, the free encyclopedia
Կենդանակերպը կամ կենդանաշրջանը (հին հունարեն՝ ζῳδιακός, լատիներեն zōdiacus՝ կենդանիների շրջան) Արեգակի տեսանելի ամենամյա ուղու երկայնքով դասավորված 12 համաստեղություններն են, որոնք Խավարածիրը բաժանում են երկայնությամբ 12 հավասար հատվածների։ Կենդանակերպը հայտնի էր մարդկությանը պատմության հնագույն շրջանից, հավանաբար այն ժամանակներից, երբ սկսվել են երկնքի սիստեմատիկ դիտումները։ 12 նշանանոց կենդանակերպը զարգացրել է շումերա-բաբելական աստղաբաշխությունը, որը ժառանգելով դասական աստղագուշակությունը՝ հասցրել է այն մինչև մեր օրերը։
Կենդանաշրջանի հարթության մեջ իրենց ուղեծրերով շարժվում են Արեգակնային համակարգի մոլորակները, Արեգակն ու Լուսինը, այդ իսկ պատճառով այս համաստեղությունների շարքը հնուց ի վեր առանձնացվել և պաշտամունքի ու երկյուղածության առարկա է եղել, քանի որ համարվել է, թե նրանք են հսկում Արեգակի տարեկան շրջապտույտը և ազդում Երկրագնդի կյանքի վրա։