Ինֆորմատիկա
From Wikipedia, the free encyclopedia
Ինֆորմատիկան ուսումնասիրում է ինֆորմացիայի և հաշվարկման տեսական հիմունքները, և քոմփյութերային համակարգերում նրանց իրականացման և գործածման կիրառական միջոցները։ Ինֆորմատիկայի տիրույթի մեջ են մտնում ինչպես տեսական (ալգորիթմերի անալիզ, հաշվարկման բարդության տեսություն, ավտոմատների տեսություն), այնպես էլ կիրառական գիտական ճյուղեր (կենսաինֆորմատիկա, օպերացիոն համակարգեր, համակարգչային ցանցեր, տվյալների բազաներ, տեղեկատվության անվտանգություն, շարժական սարքեր)։
Ինֆորմատիկան ընդարձակ գիտություն է, հետևապես չի սահմանափակվում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների ուսումնասիրմամբ։ Նիդերլանդացի գիտնական Էդսգեր Դեիկստրան ասել է՝ «Ինֆորմատիկան այնքանով է գիտություն համակարգիչների մասին, որքանով աստղագիտությունը՝ հեռադիտակի»։ Հասարակության մեջ, ինչպես նաև դպրոցներում, շփոթում են ինֆորմատիկան բազմաթիվ պատրաստական դասընթացների հետ[1]։
Ինֆորմատիկա» անունն առաջին անգամ օգտագործել է գերմանացի գիտնական Կարլ Շտեինբուքը 1957 թվականին։ Ինֆորմատիկայի առաջին ֆակուլտետը ստեղծվել է 1962 թվականի հոկտեմբերին՝ Փրդյուի համալսարանում։
Մինչև 1920-ականները, համակարգիչ անվանում էին մարդկանց, հիմնականում՝ կանանց, որոնք սովորաբար աշխատում էին ֆիզիկոսի ղեկավարության տակ և կատարում էին մաթեմատիկական հաշվարկներ։ Նրանց կատարած հաշվարկումներն առանձնահատուկ գյուտարարություն կամ ներըմբռնում չէր պահանջում, հետևաբար, 1920-ականներին ստեղծվեցին առաջին հաշվիչ մեքենաները։
Այս մեքենաների մի մասը, որն աշխատում էր շարունակական արժեքների հետ, հայտնի դարձավ որպես անալոգային հաշվիչ մեքենա։ Իրենց առջև դրված խնդիրների լուծման համար այս մեքենաներն օգտագործում են շարունակական ֆիզիկական երևույթների (էլեկտրական, մեխանիկական, հիդրավլիկ) քանակություններ։ Ի տարբերություն անալոգային սարքերի, թվային մեքենան լոգիկական սարք է և սահմանափակված չէ վերոհիշյալ ֆիզիկական երևույթների հատկություններով, հետևաբար կարող է կատարել ամեն տեսակի «զուտ մեխանիկական» աշխատանք։ Առաջին այսպիսի լոգիկական մեքենա ստեղծել է ինֆորմատիկայի հայր՝ Ալան Թյուրինգը, որին այսօր անվանում են Թյուրինգի մեքենա։
Ժամանակակից համակարգիչը, որը մինչև ավելի արագ հիշողության սարքերի հնարումը օգտագործում էր տարբերության շարժիչներ, պատկանում է հաշվիչ մեքենաների թվային դասին, հետևաբար Թյուրինգի մեքենայի կատարելագործված տարբերակ է։