Կոնցեռն
From Wikipedia, the free encyclopedia
Կոնցեռն (գերմաներեն՝ Konzern), Եվրոպայում, հատկապես՝ Գերմանիայում տարածված ձեռնարկությունների խմբի տեսակ, որը ձևավորվում է իրավաբական անկախություն ունեցող մի քանի ձեռնարկությունների՝ մեկ ձեռնարկության հսկողության (կառավարման) ներքո միավորմամբ։ Ընդ որում՝ այդ միավորման արդյունքում առաջանում է միասնական տնտեսական սուբյեկտ՝ միասնական կառավարմամբ։ Սրանց ծագումը պայմանավորված է արտադրության կոմբինավորման պրոցեսով, տարբեր ճյուղերի ավելի սերտ կոոպերացման անհրաժեշտությամբ և կենտրոնացված վերահսկողություն սահմանելու ձգտումներով։ Կոնցեռնը ղեկավարում է գլխավոր վարչությունը՝ նրա մեջ միավորված ֆիրմաների փաստացի տերը։
Կոնցեռնը բաղկացած է մեկ վերահսկող (կառավարող) և մեկ կամ ավելի կառավարվող ձեռնարկություններից[1]։ Նրանց միջև հարաբերությունները հիմնված են առևտրային և վարչական ռեալ, իրական հարաբերությունների վրա՝ ի տարբերություն մայր և դուստր ձեռնարկությունների, որոնք միմյանց կապված են բաժնետոմսերի տիրապետմամբ և ձայնի իրավունքով[2]։ Aktiengesetz-ը 1965 թվականին կոնցեռնը ձևակերպել է որպես «մեկ իշխող և մեկ կամ մի քանի կախյալ ընկերությունների խումբ՝ իշխող ընկերության միասնական ղեկավարության ներքո»[3]։
Մեկ այլ ձևակերպման համաձայն՝ կոնցեռնը երկարաժամկետ, կայուն արտադրական կապերի մեջ գտնվող արտոնագրային համաձայնությամբ, ինքնուրույն գործող ձեռնարկությունների միավորում է։ Սովորաբար կոնցեռնում միավորվում են տարբեր ճյուղերի արտադրական ձեռնարկություններ, որոնց արտադրության բնույթից կախված՝ այն ձեռք է բերում միավորման ուղղահայաց կամ հորիզոնական սկզբունք։ Ուղղահայաց սկզբունքով ստեղծված միավորումը ներառում է արդյունաբերության տարբեր ճյուղերի այնպիսի ձեռնարկություններ, որոնց արտադրական գործընթացները սերտորեն կապակցված են միմյանց։ Հորիզոնական սկզբունքով ստեղծված միավորումները ընդգրկում են միմյանց հետ կայուն կապի մեջ չգտնվող արդյունաբերության տարբեր ճյուղերի ձեռնարկություններ։ Կոնցեռնի կազմում ընդգրկված ձեռնարկությունները օգտվում են իրավաբանական անձի կարգավիճակից, սակայն ունեն աշխատանքի միասնական ծրագիր և միասնական կառավարման ապարատ, որը վարում է կոնցեռնի արտադրական, առևտրական և ֆինանսական գործունեությունը։