Կրթությունը Հունաստանում
From Wikipedia, the free encyclopedia
Կրթությունը Հունաստանում, Հունաստանի կրթական համակարգ, որը հիմնականում բաժանված է երեք մակարդակների՝ տարրական, միջնակարգ և բարձրագույն, ինչպես նաև միջնակարգ կրթությունից հետո լրացուցիչ մասնագիտական վերապատրաստում։ Տարրական կրթությունը բաժանվում է երկու մասի՝ մանկապարտեզ - մեկ կամ երկու տարի տևողությամբի և տարրական դպրոց - վեց տարի տևողությամբ (6 - 12 տարեկան)։ Միջնակարգ կրթությունը ներառում է երկու փուլ՝ գիմնազիա (միջին կամ կրտսեր ավագ դպրոց) - երեք տարի տևողությամբ, որից հետո ուսումը կարելի է շարունակել լիցեյում (ավագ դպրոցի ակադեմիական ուղղվածություններից մեկը), կամ մասնագիտական վերապատրաստում ստանալ Մասնագիտական ինստիտուտներում (հուն․՝ Ινστιτούτο Επαγγελματικής Κατάρτισης կամ IEK)[1]։ Բարձրագույն կրթությունը ստանում են Համալսարաններում, Պոլիտեխնիկական, Տեխնոլոգիական կրթական ինստիտուտներում (1983 թվականից հուն․՝ Τεχνολογικό Εκπαιδευτικό Ίδρυμα կամ T.E.I.) և Ակադեմիաներում, որոնցում առաջնայունությունը տրվում է զինվորականներին և հոգևորականությանը։ Բակալավրի կոչում ստանալու համար ԲՈւՀ-ական կրթությունը որպես կանոն 4 տարի է տևում, պոլիտեխնիկականում և որոշ տեխնիկական կամ արվեստի դպրոցներում՝ 5 տարի, իսկ բժշկական դպրոցներում՝ 6 տարի, հետբուհական (MSc մակարդակի) կրթությունը 1 - 2 տարի և դոկտորական աստիճանը (PhD մակարդակ) 3 - 6 տարի[2]։
Բյուջե | 12,08 մլրդ € ՀՆԱ 4% |
---|---|
Հիմնական լեզուները | հունարեն |
Ընդհանուր | 98% |
Տղա | 99% |
Աղջիկ | 97% |
Կրթության բոլոր աստիճանները վերահսկում է Կրթության նախարարության, հետազոտությունների և կրոնի հարցերի վարչությունը։ Նախարարությունը իրականացնում է կենտրոնացված վերահսկողություն պետական դպրոցների վրա՝ սահմանելով ուսումնական ծրագիրը, նշանակելով անձնակազմը և վերահսկելով ֆինանսավորումը։ Մասնավոր դպրոցները նույնպես նախարարության վերահսկողական տակ են գտնվում։ Տարածաշրջանային մակարդակով նախարարության վերահսկողությունն իրականացվում է տարրական և միջնակարգ կրթության պրեֆեկտուրաների ներկայացուցիչների կողմից։ Երրորդային հաստատությունները անվանապես ինքնավար են, բայց նախարարությունը պատասխանատվություն է կրում դրանց ֆինանսավորման և բակալավրիատի ծրագրով ուսանողներին բաշխելու հարցում։ Ներկայումս Հունաստանի կառավարությունը ճանաչում է միայն պետական բուհերի առաջարկած ծրագրերը, չնայած կան մի քանի մասնավոր համալսարաններ և քոլեջներ, որոնց կրթական ծրագրերը վավերացվում և վերահսկվում են ամերիկյան, բրիտանական և եվրոպական այլ համալսարանների կողմից։ Հունաստանի կառավարությունը ստիպված է ճանաչել այդ արտասահմանյան ծրագրերը։
Պետական դպրոցներ ու համալսարաններ ուսման վարձ չեն գանձում և դասագրքեր տրամադրվում են անվճար բոլոր աշակերտների համար։ 2011 թվականից նոր դասագրքերի նկատելի պակասը ստիպել են նախորդ տարվա գրքերն օգտագործել։
Կան նաև մի շարք մասնավոր կրկնուսուցման դպրոցներ, քոլեջներ և համալսարաններ, որոնք գործում են պետականին զուգահեռ և լրացուցիչ ուսման վարձ են գանձում։ Այս զուգահեռ դպրոցները ուսուցանում են օտար լեզուներ, լրացուցիչ դասեր թույլ ուսանողների համար, ինչպես նաև քննությունների նախապատրաստական դասընթացներ։ Շատ աշակերտներ, որպես կանոն, հաճախում են այդ դասերին կեսօրին և երեկոյան՝ ի լրումն իրենց սովորական դպրոցական դասաժամերի։