Հայաստանի Կառավարություն
From Wikipedia, the free encyclopedia
Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է:
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստանի Հանրապետության Կառավարություն (այլ կիրառումներ)
Ըստ Հայաստանի Սահմանադրության 146-րդ հոդվածի՝ Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում և իրականացնում է պետության ներքին և արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը։ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով։ Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների։
Ըստ Հայաստանի Սահմանադրության 147-րդ հոդվածի՝ Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից և նախարարներից:
Հանրապետության նախագահը նշանակում է վարչապետ խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները և նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ։
Որպես կառավարության ղեկավար՝ վարչապետը Կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է Կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է Կառավարության գործունեությունը և համակարգում է Կառավարության անդամների աշխատանքը[1]։