Հակափայտացման իմունոգլոբուլին
From Wikipedia, the free encyclopedia
Հակափայտացման իմունոգլոբուլին, հայտնի նաև փայտացման իմունոգլոբուլին (ՓԻԳ) և փայտացման հակատոքսին, փայտացման տոքսինի հանդեպ հակամարմիններ պարունակող դեղամիջոց[1]։ Այն ստանում են փայտացման կանխարգելման համար նրանք, ովքեր ունեն վարակման բարձր ռիսկ ունեցող վերք և լիարժեք չեն պատվաստվել փայտացման անատոքսինով[1]։ Այն կիրառվում է նաև փայտացման բուժման նպատակով՝ հակաբիոտիկների և միոռելաքսանտների հետ միասին[1]։ Տրվում է միջմկանային ներարկման եղանակով[1]։
Հիմնական կողմնակի ազդեցություններից են ներարկման տեղում ցավը և ջերմությունը[1]։ Ալերգիկ ռեակցիաները, այդ թվում՝ անաֆիլաքսիան, հազվադեպ են դրսևորվում[1]։ Մարդու արյան պլազմայից ստացված տարբերակի կիրառման դեպքում առկա է նաև վարակների (օրինակ՝ վիրուսային հեպատիտներ և ՄԻԱՎ/ՁԻԱՀ) տարածման ցածր վտանգ[1]։ Հղիության ընթացքում կիրառումը թույլատրելի է[2]։ Այն ստանում են մարդու կամ ձիու արյան պլազմայից[1][3]։
Ձիու պլազմայից ստացված տարբերակի կիրառումը սկսել է տարածվել 1910-ականներին, մինչդեռ մարդու պլազմայից ստացված տարբերակի կիրառումը հաճախացել է 1960-ականներին[4]։ Այն ընգրկված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում և առողջապահության համակարգի ամենաարդյունավետ և ամենաապահով դեղամիջոցներից է[5]։ Զարգացող երկրներում ձիու պլազմայից ստացված տարբերակի 1500 ԱՄ-ի շուկայական գինը մոտավորապես 0,90–3,60 ԱՄՆ դոլլար է, մինչդեռ մարդու պլազմայից ստացված տարբերակի 250 ԱՄ-ի գինը՝ 10,00–46,86 ԱՄՆ դոլլար[6][7][8]։ Մարդու պլազմայից ստացված տարբերակը կարող է անհասանելի լինել զարգացող երկրներում[3]։ Միացյալ Նահանգներում բուժման կուրսի արժեքը մոտավորապես 100–200 դոլլար է[9]։ Ձիու պլազմայից ստացված տարբերակը սովորաբար չի կիրառվում զարգացած երկրներում՝ շիճուկային հիվանդության առաջացման վտանգի պատճառով[10]։