cover image

Հայաստան ( արտասանություն), պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն, պետություն Առաջավոր Ասիայում[7]՝ Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելյան մասում։ Քաղաքական և մշակութային իմաստով, սակայն, գտնվում է հարավարևելյան Եվրոպայի Կովկասյան տարածաշրջանում։ Հյուսիսում սահմանակցում է Վրաստանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Իրանին, իսկ արևմուտքում՝ Թուրքիային։ Հարավարևելյան կողմում Բերձորի միջանցքով կապվում է Արցախի Հանրապետությանը, իսկ հարավ-արևմուտքում Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն է։ Այժմյան ՀՀ-ն զբաղեցնում է պատմական Հայաստանի տարածքի միայն մեկ տասներորդը՝ Այրարատ և Սյունիք նահանգների մի մասը[8]։

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայաստան (այլ կիրառումներ)
Quick facts: Հայաստան Հայաստանի Հանրապետություն, Ամենամեծ&...
Հայաստան
Հայաստանի Հանրապետություն

Դրոշ

Զինանշան
Նշանաբան՝
«Մեկ ազգ, մեկ մշակույթ»
Օրհներգ՝
Հայաստանի Հանրապետության պետական օրհներգ
«Մեր հայրենիք»


Հայաստան դիրքը
ՄայրաքաղաքԵրևան
40°11′N, 44°31′E
Ամենամեծ քաղաք մայրաքաղաք
պետական լեզու հայերեն[1]
Էթնիկ խմբեր (Հունիս 2015)
Կառավարում Խորհրդարանական
 -  Հայաստանի Նախագահ Վահագն Խաչատուրյան
 -  վարչապետ Նիկոլ Փաշինյան
 -  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան
հիմնադրում և անկախացում
 -  ավանդական տարեթիվ մ.թ.ա. 2492[4] 
 -  Վանի թագավորություն մ.թ.ա. 859-585 
 -  Երվանդունիների թագավորություն մ.թ.ա. 570-201 
 -  Արտաշեսյանների թագավորություն մ.թ.ա. 189-1 
 -  Արշակունիների թագավորություն 54-428 
 -  Բագրատունիների թագավորություն 885-1045 
 -  Կիլիկյան Հայաստան 1080-1375 
 -  Զաքարյան իշխանապետություն 1199-1261 
 -  Հայաստանի Հանրապետություն 1918-1920 
Տարածք
 -  Ընդհանուր 29,743 կմ²  (138-րդ)
 -  Ջրային (%) 4.71[5]
Բնակչություն
 -  2022 նախահաշիվը 3,000,756  (137-րդ)
ՀՆԱ (ԳՀ) 2021 գնահատում
 -  Ընդհանուր $43.550 միլիարդ[6] 
 -  Մեկ շնչի հաշվով $14,701[6] 
ՀՆԱ (անվանական) 2021 գնահատում
 -  Ընդհանուր $13.612 միլիարդ[6] (127-րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $4,595[6] (104-րդ)
Ջինի (2019) 29.9 
ՄԶՀ (2019) 0.776 (81-րդ)
Արժույթ դրամ (֏) (AMD)
Ժամային գոտի UTC+4 (ՀԿԺ+4)
Ազգային դոմեն .հայ և .am
Հեռախոսային կոդ +374
Close

«Հայաստան» անվանումը վերաբերում է նաև ողջ Հայկական լեռնաշխարհին, որտեղ կազմավորվել և իր պատմական ուղին է անցել հայ ժողովուրդը։ Ըստ հայոց պատմահայր Մովսես Խորենացու՝ հայ ժողովրդի պատմության սկիզբն է համարվում մ.թ.ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի անվանադիր նախահայրը՝ Հայկ նահապետը, Հայոց ձորի ճակատամարտում հաղթում է Ասորեստանի բռնարար տիրակալ Բելին և անկախություն նվաճում[4]։

Հայալեզու ցեղերը Հայկական լեռնաշխարհի հարավարևմտյան շրջաններում ապրել են մ.թ.ա. 2-րդ հազարամյակի վերջերից։ Արամե արքայի ջանքերով մ․թ․ա․ 860 թվականին հիմնադրվում է Վանի թագավորությունը, որի գոյության ժամանակահատվածում էլ՝ մ․թ․ա․ 782 թվականին, Արգիշտի Ա թագավորը հիմնադրում է Հայաստանի մերօրյա մայրաքաղաք Երևանը։ Մ․թ․ա․ 1-ին դարում՝ Տիգրան Բ Մեծի կառավարման տարիներին, Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին՝ ձգվելով Կասպից ծովից մինչև Միջերկրական ծով, Կովկասյան լեռներից մինչև Միջագետքի անապատները։ 4-րդ դարում՝ 301 թվականին, Հայաստանը դառնում է առաջին պետությունն աշխարհում, որն ընդունում է քրիստոնեությունը որպես պետական կրոն։ Արշակունյաց թագավորության անկումից հետո՝ 5-րդ դարում, Հայաստանը բաժանվում է Սասանյան Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև։ 9-րդ դարում Բագրատունիները վճռական պայքար մղելով արաբ զավթարարների դեմ, վերականգնում են հայկական անկախ թագավորությունը, որը, սակայն, անկում է ապրում 1045-ին՝ Բյուզանդիայի դեմ պատերազմների և ներքին պառակտումների պատճառով։ 11-14-րդ դարերում Միջերկրական ծովի ափին գոյություն է ունենում Կիլիկիայի հայկական իշխանությունը և ապա՝ թագավորությունը։

16-19-րդ դարերում հայերի հայրենիքը, որը կազմված էր Արևելյան և Արևմտյան Հայաստաններից, ընկնում է Օսմանյան և Պարսկական տերությունների իշխանության տակ։ 19-րդ դարում Արևելյան Հայաստանը անցնում է Ռուսական կայսրությանը, իսկ Արևմտյան Հայաստանը շարունակում է մնալ Օսմանյան կառավարման ներքո։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցությունն իրականացնում է հայերի ցեղասպանությունը[9][10], որի արդյունքում 1915–1923 թվականներին[11][12][13][14] զանգվածային տեղահանության և բնաջնջման է ենթարկվում Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի, հայ բնակչությունը։ 1918 թվականին՝ Ռուսական հեղափոխությունից և Ռուսական կայսրության անկումից հետո Հայաստանը հռչակում է իրեն անկախ պետություն. հիմնվում է Հայաստանի առաջին Հանրապետությունը։ 1922 մարտի 12-ին Հայաստանը մտնում է Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմի մեջ[15], որն էլ իր հերթին, 1922 թվականին դեկտեմբերի 30-ին դառնում է Խորհրդային Միության չորս հիմնադիր անդամներից մեկը[15]։ 1936 թվականի դեկտեմբերի 5-ին Անդրկովկասյան Դաշնությունը կազմալուծվում է, իսկ անդամ պետությունները, այդ թվում Հայկական ԽՍՀ-ն, դառնում են խորհրդային հանրապետություններ։ Հայաստանի երրորդ Հանրապետությունը հիմնվում է 1991 թվականին՝ Խորհրդային Միության փլուզումից հետո, երբ համաժողովրդական հանրաքվեի արդյունքում Հայաստանի՝ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 94,39%-ը կողմ են քվեարկում ԽՍՀՄ կազմից դուրս գալու օգտին[16]։

Հայաստանը զբաղեցնում է 29 743 կմ² տարածք (138-րդն աշխարհում) և ունի 2 930 450 մարդ բնակչություն (136-րդն աշխարհում)։ Մայրաքաղաքը Երևանն է, պետական լեզուն՝ հայերենը, բնակչության 94,4 տոկոսը դավանում է քրիստոնեություն[17]։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ժամանակակից Հայաստանի հիմնական կրոնական հաստատությունն է[18]։

Հայաստանն ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է։ Հայաստանի Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխությունների ենթարկվել 2005 թվականի նոյեմբերի 27-ի[19] ու 2015 թվականի դեկտեմբերի 6-ի[20] համապետական հանրաքվեների արդյունքում։

Հայաստանը ՄԱԿ[21][22], Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության[23], ԱՊՀ[24], Եվրախորհրդի[25], ԱՀԿ[26][27] և ավելի քան 40 այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։ 2015 թվականի հունվարի 2-ին Հայաստանն անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը[28][29]։ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծումը[30]։