Հայաստանի դրոշ
Հայաստան / From Wikipedia, the free encyclopedia
Հայաստանի դրոշ, Հայաստանի պետական խորհրդանիշներից մեկը։ Այն սահմանված է Հայաստանի Սահմանադրությամբ և դրոշի մասին օրենքով։ Կազմված է կարմիր, կապույտ, նարնջագույն գույներից (վերևից ներքև)՝ հորիզոնական հավասարաչափ շերտերով, լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ[1][2]։ Այն չափերով և գույներով Հայաստանի Առաջին Հանրապետության (1918-1920 թվականներ) դրոշի կրկնությունն է[3]։
Հայաստանի դրոշ | |
---|---|
Տեսակ | ազգային դրոշ |
Երկիր | Հայաստան |
Իրավասության տարածք | Հայաստան |
Օգտագործում | |
Նշան | 🇦🇲 |
Հարաբերություն | 1:2 |
Ընդունված է | օգոստոսի 24, 1990 |
Գույներ | Կարմիր Կապույտ Նարնջագույն |
Պատկերված է | դաշտ |
Նախագծող | Ստեփան Մալխասյանց |
«ՀՀ դրոշի մասին» առաջին օրենքն ընդունել է ՀՀ Գերագույն խորհուրդը 1990 թվականի օգոստոսի 24-ին։ Ներկա օրենքն ընդունվել է 2006 թվականի հունիսի 15-ին 2005 թվականի Սահմանադրական փոփոխություններից հետո[4]։ Դրոշի գույների մասին կան տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում գրված է.
«Կարմիր գույնը խորհրդանշում է Հայկական բարձրավանդակը, հայ ժողովրդի մշտական պայքարը հարատևման, քրիստոնեական հավատքի, Հայաստանի անկախության և ազատության համար։ Կապույտ գույնը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու կամքը խաղաղ երկնքի ներքո։ Նարնջագույնը խորհրդանշում է հայ ժողովրդի արարչական տաղանդը և աշխատասիրությունը»[2]։