Հայերեն հնագույն թղթյա ձեռագիր
From Wikipedia, the free encyclopedia
Հայերեն հնագույն թղթյա ձեռագիր, մեզ հասած հայերեն ամենահին թղթյա ձեռագիրը՝ գրված 981 թվականին։ Բաղկացած է 360 թերթից, ունի 28,5x15,5 սմ մակերես[1]։ Հնությամբ աշխարհում չորրորդն է։ Հայերեն հնագույն թղթյա ձեռագրերը ինքնագրով մեզ հասած առաջին ժողովածուն է և բոլորգրով գրված առաջին ամբողջական մատյանը։ Կազմել է Դավիթ քահանա մատենագիրը, գրել որդին՝ Ղուկասը (հավանաբար՝ Արգինայում)։ Բովանդակում է աստվածաբանական, պատմագրական, տիեզերագիտական, տոմարական, չափագրական, աշխարհագրական, փիլիսոփայական նյութեր, ժամանակագրական, գեղարվեստական առանձին երկեր, հանելուկներ են։ Ընդգրկում է հայ հեղինակների մեծ ցանկեր Գրիգոր Ա Լուսավորիչ, Եղիշե, Մովսես Խորենացի, Հովհաննես Ա Մանդակունի, Աթանաս Տարոնացի (որպես ժամանակագիր առաջին անգամ ենք հանդիպում), Դավիթ Հարքացի, Պետրոս Սյունեցի, Վրթանես Քերթող, Անանիա Շիրակացի, Հովհաննես Գ Օձնեցի, Ստեփանոս Սյունեցի և ուրիշներ։ Այստեղ ընդգրկված են նաև Փիլոն Ալեքսանդրացու, Աթանաս Ալեքսանդրացու, Գրիգոր Նազիանզացու Գրիգոր Նյուսացու, Ապողինար Լաոդիկեցու, Գրիգոր Նյուսացու, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու և այլոց երկերից հատվածներ։