Հայերը Լատվիայում
From Wikipedia, the free encyclopedia
Հայերը Լատվիայում (լատիշ․՝ Armēņi Latvijā), ազգային փոքրամասնություն Լատվիայում։ 2021 թվականի հունիսի 30-ի դրությամբ Լատվիայի հայերի թիվը կազմել է 2551 մարդ, որից 1219-ը Լատվիայի քաղաքացիներ են, իսկ 646-ը՝ Լատվիայի քաղաքացիություն չեն ունեցել[1]։ 2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ Լատվիայում բնակվել է 352 Հայաստանի քաղաքացի[2]։
Հայ-լատվիական հարաբերությունները սկզբնավորվել են դեռևս XIX դարի վերջին։ Լատվիերեն են թարգմանվել Րաֆֆու և Վրթանես Փափազյանի մի քանի պատմվածքներ։ Լատվիացի մեծ բանաստեղծ Յան Ռայնիսը թարգմանություններ է կատարել հայ պոեզիայից, հոդվածներ գրել Հայաստանի պատմության, նաև Մեծ եղեռնի մասին։ Ռիգայի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորել են հայ ուսանողներ։ Ավելի ուշ երկու երկրների միջև զարգացել են տնտեսական ու մշակութային հարաբերություններ։
Լատվիական բալետի պատմության մեջ հատուկ տեղ ունի հայ ազնվական տոհմի ներկայացուցիչ, Լատվիական ԽՍՀ ժողովրդական արտիստուհի (1956) Ելենա Տանգիևա-Բիրզնիեցեն (1907-1965), Լատվիայի ազգային օպերայի պրիմա-բալերինա, ապա՝ գլխավոր բալետմայստեր[3]։
Լատվիայում կռվող ԽՍՀՄ բանակների հրամանատարը Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանն էր։ Արդյունաբերական դիզայներ Սվետլանա Միրզոյանը մի շարք RAF միկրոավտոբուսների ձևավորման հեղինակն էր[4]։ Ներկայումս Լատվիայում բնակվում է 5 հզ. հայ. նրանք հաստատված են հիմնականում Ռիգայում, նաև Լիեպայա, Յուրմալա, Ելգավա, Վենտսպիլս, Դաուգավպիլս քաղաքներում։ Մեծ մասամբ մտավորականներ են, կան գործարարներ, պետական ծառայողներ, նկարիչներ, երաժիշտներ և այլք։
1988 թվականին հիմնադրվել է հայ ազգային մշակութային կազմակերպությունը՝ Լատվիա-հայկական ընկերությունը, որի նպատակն է համախմբել տեղի հայերին, պահպանել ազգային ավանդույթները, ներկայացնել հայ մշակույթը Լատվիայում։ 1993 թվականին հիմնադրվել է Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ռիգայի համայնքը, 1997 թվականին սկսվել և 2002 թվականին ավարտվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու շինարարությունը։ 1989 թվականից Ռիգայում գործում է հայկական կիրակնօրյա դպրոց։