From Wikipedia, the free encyclopedia
Հայերը Չիլիում հաստատվել են հայոց ցեղասպանությունից հետո։ Նրանք փոքրաքանակ հայ ընտանիքներ էին, որոնք հաստատվել էին Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում։ Նրանց հաջողվել է նստել դեպի Ամերիկա մեկնող անդրատլանտյան նավեր՝ նույնիսկ չիմանալով, որ նպատակակետը լինելու է Լատինական Ամերիկան։ Վերջինս Երևանից ամենահեռու գտնվող երկրորդ մայրաքաղաքն է, միաժամանակ հեռավորությամբ երկրորդը, որտեղ հայեր են բնակվում։
Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմը (1939-1945) Չիլիում հայերի թիվը չի անցել 2000-ից, նրանք գլխավորապես 1915 թվականի Մեծ Եղեռնից փրկված բալուցիներ էին։ 1950-ական թվականներին այստեղ են գաղթել հայեր Հունաստանից, Թուրքիայից, Պաղեստինից (արաբախոս հայեր, որոնք միայն կրոնով են կապված հայության հետ), ինչպես նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներից։ Ներկայումս Չիլիում բնակվում է շուրջ 1500 հայ[1], որոնք մեծ մասամբ սեփական գործատերեր էին, արհեստավորներ ու առևտրականներ։ Ազգային կյանքը գլխավորում է գաղութային վարչությունը (որին կից գործում է Տիկնանց միությունը)։ Հայերը բնակություն են հաստատել հիմնականում այն վայրերում, որտեղ գտնվել են նաև ռուս ուղղափառ ծագում ունեցող այլ ներգաղթյալներ և հույներ։
1988 թվականն հայ համայնքը ֆինանսավորեց «Plaza República de Armenia»-ի և հայոց տան ստեղծումը։ Հայերի հավաքատեղին է Հայոց տունը, 1960 թվականից գործում է հայկական մեկօրյա դպրոց։ «Հայոց տան» սենյակներից մեկը վերածված է մատուռի, որտեղ կատարվում են եկեղեցական արարողություններ, համայնքը Էջմիածնապատկան է. ժամանակին այն ներգրավված էր Հարավային Ամերիկայի հայրապետական պատվիրակության կազմում, իսկ 1983 թվականից՝ Արգենտինայի հայոց թեմի[2]։ 1975 թվականին Սանտյագոյում կանգնեցվել է հայոց ցեղասպանության հուշակոթող, տասը տարի անց՝ ևս մեկը։
Գործում է երգչախումբ (ղեկավար՝ Կարո Լոթիկյան), գրադարան։ Չիլիի հայերը ներգրավված են տարբեր պաշտոններում ու աշխատանքներում[3]։
2011 թվականի մայիսին Չիլի այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ լինելով առաջինը հայոց պատրիարքի կողմից ազգային պատմության մեջ։ Երկու տարի անց նա նշանակեց Հայ առաքելական եկեղեցու Չիլիի առաջին քահանային։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.